Մատչելի հղումներ

«Ներքին հարձակման» նոր դեպք Աֆղանստանում


Աֆղանստանի ազգային բանակի ծառայողի կողմից բացված կրակի զոհ է գնացել Մեծ Բրիտանիայի մեկ զինծառայող

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաների համաձայն, Աֆղանստանի ազգային բանակի ծառայողի կողմից բացված կրակի զոհ է գնացել Մեծ Բրիտանիայի մեկ զինծառայող:

Նախարարության պաշտոնյաների վկայությամբ, հարձակումը, որի ընթացքում հրազենային կրակ էր բացվել միջազգային դաշինքի զինծառայողների ուղղությամբ, իրականացվել էր Հելմանդ հարավային նահանգում գտնվող ռազմակայաններից մեկում:

Տեղի իշխանությունների համաձայն, հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել Մեծ Բրիտանիայի մի քանի զինծառայող:

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հրամանատարության համաձայն, նախօրեին տեղի ունեցած սպանությունը, ըստ էության, «ներքին հարձակման» ևս մեկ դեպք է:

Երկրում 2012 թվականին «ներքին հարձակումների» դեպքերը, որոնց զոհ է գնացել օտարերկրյա ավելի քան 60 զինծառայող, զգալի աճ են գրանցել:

Հարձակումը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախապատրաստվում են այս շաբաթ ավելի ուշ կայանալիք հանդիպման, որի ընթացքում կքննարկվեն 2014 թվականին Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերմանը հետևող զարգացումները, Աֆղանստանին տրամադրվող ֆինանսական աջակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Միացյալ Նահանգների և Աֆղանստանի պաշտոնյաները հուսով են, որ այս հանդիպման արդյունքում հնարավոր կդառնա վերջնական համաձայնության գալ ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերման մանրամասների շուրջ՝ միաժամանակ պահպանելով անվտանգության ոլորտի այն ձեռքբերումները, որոնց հնարավոր է եղել հասնել ավելի քան մեկ տասնամյակ տևած պատերազմի արդյունքում:

Աֆղանստանում դեռևս մնում է Միացյալ Նահանգների մոտ 68 հազար զինծառայող: Զինված ուժերի հրամանատարությունը կոչ է անում Աֆղանստանում պահպանել մոտ 15 հազար զինծառայող կազմող զորաբաժին, սակայն ԱՄՆ-ի այլ պաշտոնյաներ համաձայն չեն երկրում նման ծավալի զորաբաժին պահպանելու անհրաժեշտության հետ:
XS
SM
MD
LG