Մատչելի հղումներ

Օկինավայի ճակատամարտը


Օգոստոսի 15-ին լրանում է Երկրորդ աշխարհամարտում Ճապոնիայի հանձնվելու 70-րդ տարին։ : Այդ պատերազմի ընթացքում բազմաթիվ ամայացնող ճակատամարտեր ու շրջադարձային կետեր են եղել, սակայն Օկինավայի ճակատամարտը պատմության մեջ է մտել որպես ամենաարյունոտն այս պատերազմում։

Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ-ի համար վերջին և ամենախոշոր ճակատամարտն էր Օկինավայում ափհանումը: Նրանում ընդգրկված էին հազարից ավելի ռազմանավեր, հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ: 82 օր տևած անզիջում մարտերը, որոնք ավերել էին գյուղերն ու այրել՝ անտառները, ավելի քան երկու հարյուր հազար մարդու կյանք խլեցին:

Օկինավայի ռազմական խարսխակայանի փոքրիկ թանգարանը պահպանել է պատերազմական շրջանի նկարներ և վկայություններ: Ըստ թանգարանի վարիչ Մարք Ուեյքասթերի՝ ճապոնացի գեներալ Միցուրու Ուշիջիման հետևում էր ջլատելու նպատակ ունեցող պարտիզանական պատերազմի ռազմավարությանը. «Օկինավայի ճակատամարտում նա հաղթելու նպատակ չուներ։ Ուշիջիման նպատակամղված էր այնքան արյունաքամ անել ամերիկյան զորքերին, որ ԱՄՆ-ն խաղաղություն առաջարկեր»:

Սակայն Օկինավայում ԱՄՆ-ի կրած մեծ կորուստները օգտագործվեցին՝ հիմնավորելու Ճապոնիան միջուկային ռմբակոծման ենթարկելու անհրաժեշտությունը: Նագասակիի և ապա Հիրոսիմայի ռմբահարումից հետո Ճապոնիայի դիմադրության կամքը կոտրվեց: Այսօր Օկինավայում շատերը դեռ հիշում են այդ ահավոր ճակատամարտը, որին զոհ գնաց խաղաղ բնակչության մեկ երրորդը: Ճապոնական ռազմական ամրակառույցները պահպանվել են իբրև հիշատակարաններ:

Հիմեյուրիի խաղաղության թանգարանը պատմում է դպրոցական 200 աղջիկների պատմությունը, ում ճապոնական բանակ էին զորակոչել իբրև բուժքույրեր: Շատերը նրանցից զոհվեցին կռվում: Շիմաբուկուրո Յոիշիկոն լուրջ վնասվածք էր ստացել պայթյունից: Ըստ նրա՝ ճապոնացի զինվորները զգուշացրել էին, որ ամերիկացիները կբռնաբարեն ու կսպանեն իրենց: Իրականում ամերիկյան զինվորը փրկեց նրա կյանքը. «Ես մտածում էի, արդյո՞ք սա է թշնամին: Ես լսել էի, թե նրանք հրեշներ են և երբ տեսա նրա դեմքը, նա գորովալից նայեց ինձ, և ասաց, որ կօգնի»:

Պատերազմի հասցրած ավերածությունները ու կորստի հիշողությունները այս կղզում շատերին են դարձրել խաղաղության ջատագովներ: Նրանք քննադատում են կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և Ճապոնիայի ռազմական ուժերը թարմացնելու տեղի պահպանողականների ջանքերը:

XS
SM
MD
LG