Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մինչև 275 զինծառայող կուղարկի Իրաք


Օբամա. «Զինծառայողները կմնան Իրաքում այնքան ժամանակ, մինչև այս երկրում անվտանգության իրավիճակն այլևս չպահանջի նրանց ներկայությունը»

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը կարգադրել է ԱՄՆ-ի 275 զինծառայող ուղարկել Իրաք՝ այս երկրի մայրաքաղաք Բաղդադում գտնվող դեսպանության անվտանգության ապահովման գործին օժանդակելու նպատակով:

Նախագահ Օբամայի վարչակազմը միաժամանակ հավաստիացրել է ամերիկացիներին, որ զինծառայողների գործուղումն Իրաք այս երկիր Միացյալ Նահանգների զինծառայողների անժամկետ ուղարկման չի վերածվի:

«Զինծառայողներն ուղարկվում են՝ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ի քաղաքացիներին և ունեցվածքի պաշտպանության նպատակով, և նրանք կունենան մարտական գործողություններ վարելու համար անհրաժեշտ սարքավորումներ: Զինծառայողները կմնան Իրաքում այնքան ժամանակ, մինչև այս երկրում անվտանգության իրավիճակն այլևս չպահանջի նրանց ներկայությունը», - նշել է նախագահ Օբաման՝ ԱՄՆ-ի օրենսդիրներին ուղղված նամակում:

ԱՄՆ-ի Կոնգրեսին նախագահ Օբամայի կողմից ուղարկված ծանուցման մեջ ասված է նաև, որ այս քայլը կատարվում է Իրաքի կառավարության համաձայնությամբ:

Միացյալ Նահանգների պաշտոնյաների համաձայն, Իրաքում արդեն իսկ գտնվում է 170 զինծառայող, և անհրաժեշտության դեպքում այս երկիր կարող է ուղարկվել ևս 100 զինծառայող:

Իրաքում գտնվող զինծառայողները կօգնեն Բաղդադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանության որոշ աշխատողների տեղափոխման գործում:

ԱՄՆ-ի դեսպանատունը Բաղդադում շարունակում է իր աշխատանքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հանդես գալով Ժնևում, իր հերթին երեքշաբթի օրը հորդորել է Իրաքի վարչապետ Նուռի ալ-Մալիքիին երկխոսություն մեկնարկել երկրում և առավել ընդգրկուն մոտեցում որդեգրել իր կառավարության նկատմամբ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, Իրաքում ներկայում ստեղծված իրավիճակը ոչ միայն ռազմական մարտահրավեր է այս երկրի կառավարության համար: Նրան համաձայն, Իրաքի ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կառավարելու համար կրոնական տարբերություններից անկախ եղանակով, և ականջ դնի շիա, սունի և քուրդ փոքրամասնությունների օրինական բողոքներին:
XS
SM
MD
LG