Շաբաթ, 23 Օգոստոս 2014 թ., ժամանակը Երևանում` 03:33

ԱՄՆ

Բարաք Օբաման հանդես եկավ նախագահական ամենամյա ուղերձով

ԱՄՆ-ի նախագահն անդրադարձավ նոր աշխատատեղեր բացելու, օտար երկրներից ամերիկյան ձեռնարկությունները հետ բերելու փաստերին, ահաբեկչության դեմ պայքարում գրանցված հաջողություններին ու խոսեց նոր անելիքների մասին:

x
Արմեն Հովհաննիսյան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ելույթում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջև կանգնած ներպետական բազմաթիվ խնդիրներին, այդ խնդիրների լուծման ճանապարհների մանրամասներին, ինչպես նաև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանն ու վտանգներին:
 
Ելույթի սկզբին ժամանակ նախագահ Օբաման ասել է, որ այս ելույթով ինքը կարող է հայտնել կատարված զգալի առաջընթացի մասին՝ հիշատակելով ԱՄՆ-ի զինծառայողների վերադարձը գրեթե մեկ տասնամյակ տևած պատերազմներից, ինչպես նաև մի քանի տարի տնտեսական անկումից հետո վեց միլիոնից ավելի աշխատատեղեր ստեղծելու հանգամանքը:
 
«Միասին մենք մաքրել ենք ճանապարհը ճգնաժամի արգասիքներից և կրկին վստահությամբ կարող ենք ասել, որ մեր միությունն է՛լ ավելի է ամրապնդվել», - ասել է նախագահ Օբաման՝ հավելելով. «Մենք սակայն հավաքվել ենք այստեղ՝ տեղյակ լինելով, որ կան միլիոնավոր ամերիկացիներ, որոնց քրտնաջան աշխատանքն ու նվիրվածությունը դեռևս չեն գնահատվել: Մեր տնտեսությունում ավելանում են աշխատատեղերը, սակայն դեռևս չափազանց շատ մարդ չեն կարող գտնել լրիվ դրույքով աշխատանք: Կորպորացիաների եկամուտները հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակներին, սակայն արդեն ավելի քան տասը տարի աշխտավարձներում ու եկամուտներում աճ գրեթե չի գրանցվել»:
 
Նախագահ Օբաման իր ելույթում շեշտել է, որ անհրաժեշտ է նոր շունչ հաղորդել Ամերիկայի տնտեսական աճի շարժիչ իրական ուժին՝ միջին դասին, ինչպես նաև վերականգնել այն խոստումը, որի վրա հիմնված է Միացյալ Նահանգները՝ այն գաղափարը, որ քրտնաջան աշխատանքն ու պարտականություններ պատշաճ կատարումը կարող է լինել առաջընթացի հանգրվանը՝ «անկախ նրանից, թե որտեղից ես դու, ինչպիսի տեսք ունես, ում ես սիրում»:
 
Ըստ ԱՄՆ-ի նախագահի, ամերիկացիները չեն ակնկալում, որ կառավաությունը կլուծի բոլոր խնդիրները, կամ օրենսդիրները համաձայնության կգան բոլոր հարցերի շուրջ, սակայն ակնկալում են, որ հնարավորության դեպքում նրանք կգան խելամիտ համաձայնության՝ «քանի որ նրանք գիտեն, որ Ամերիկան առաջ է շարժվում միայն այն դեպքում, երբ միահամուռ ուժ ենք գործադրում, և մեր միության բարելավման պատասխանատվությունը բոլորիս պարտականությունն է»:
 
Ըստ նախագահ Օբամայի, միությունը բարելավելու աշխատանքը պետք է սկսվի բյուջեի վերաբերյալ հիմնարար որոշումներ կայացնելուց, մասնավորապես՝ բյուջեի պակասորդի դեմն առնելու մասին որոշումներից:
 
Այդ նպատակով նախագահ Օբաման առաջարկել է նվազեցնել Միացյալ Նահանգներում առողջապահության ոլորտում կատարվող ծախսերը՝ բարեփոխումների իրականացման միջոցով, առաջարկել է նաև նվազեցնել բյուջեի պակասորդը՝ հարկային դաշտում բարեփոխումներ իրականացնելու, երկրի հարկային օրենսդրությունը բարելավելու և դրա մեջ առկա թերությունները վերացնելու միջոցով:
 
Բարաք Օբաման հիշեցրել է նաև աշխատատեղերն Ամերիկա վերադարձնելու անհրաժեշտության մասին: «Ամերիկան նոր աշխատատեղերի և արտադրության համար ձգողական ուժ դարձնելը մեր առաջնային նպատակներից է», - ասել է նախագահը՝ նշելով, որ, բացի աշխատատեղերից, անհրաժեշտ է ջանքեր գործադրել նաև երկրում նորամուծությունների ոլորտի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև արդյունավետ պայքար մղել կլիմայի փոփոխության դեմ՝ նոր թափ հաղորդելով վերականգնվող էներգետիկայի և էներգիայի մաքուր աղբյուրների զարգացման շուրջ տարվող աշխատանքներին:
 
Նախագահ Օբաման, որպես երկրի տնտեսությանը նոր թափ հաղորդելու միջոց, նշել է նաև անշարժ գույքի շուկայի վերականգնման պահպանման անհրաժեշտության մասին, որը, արտադրության, էներգետիկայի և ենթակառուցվածքի արդիականացման և վերականգնման ծրագրերի հետ միասին, կօգնի ձեռներեցներին և փոքր բիզնեսին՝ զարգանալու և աշխատատեղեր ստեղծելու աշխատանքում:
 
Ելույթում հատուկ անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգներում կրթության ոլորտի որակի բարձրացման անհրաժեշտությանը՝ սկսած մանկապարտեզներից մինչև ավագ դպրոցներ և բարձրագույն ուսումնական հաստատություններ: Նախագահ Օբաման մատնանշել է բարձրագույն կրթության գների կտրուկ աճը, ինչը, իր համոզմամբ, հարկատուներն այլևս չեն կարող աջակցել՝ հայտարարելով ԱՄՆ-ի վարչակազմի կողմից բարձրագույն կրթության ոլորտում մի քանի նոր նախաձեռնության մասին, որոնց նպատակն է՝ ապահովել կրթության հնարավորինս լավագույն որակ վճարված գումարի դիմաց:
 
«Մեր միջին դասը զարգացնելու համար մեր քաղաքացիներին պետք է հասանելի լինի այնպիսի կրթություն ու վերապատրաստում, որոնք պահանջարկ ունեն այսօրվա աշխատաշուկայում: Մենք սակայն պետք է նաև ապահովենք, որ Ամերիկան մնա այն երկիրը, որտեղ քրտնաջան աշխատելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք առաջադիմելու հնարավորություն ունենա»: - ասել է Օբաման՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը դառնում է է՛լ ավելի ուժեղ, երբ ճիշտ են օգտագործվում ներգաղթականների տաղանդն ու աշխատելու ցանկությունը, և այդ նպատակով, ըստ նախագահի, երկրում անհրաժեշտ է անցկացնել ներգաղթի ոլորտի համապարփակ բարեփոխումներ:
 
ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ելույթում անդրադարձ է կատարվել նաև Միացյալ Նահանգների զինված ուժերի 2014 թվականին Աֆղանստանից դուրսբերման, ինչպես նաև «ալ-Քաիդա»-ի կողմից ներկայացվող վտանգի չեզոքացման ուղղությամբ վարվող պայքարին:  Ըստ նախագահ Օբամայի, այդ նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգներն այլևս չի ուղարկի իր տասնյակ հազարավոր զինծառայողների այլ պետություններ օկուպացնելու, այլ կօգնի Եմենի, Լիբիայի և Սոմալիի նման պետություններին ներքին անվտանգության ամրապնդման հարցում, ինչպես նաև կօժանդակի ահաբեկիչների դեմ պայքար վարող իր դաշնակիցներին:
 
Որպես Միացյալ Նահանգների անվտանգության համար հիմնական սպառնալիքներ նշվել են նաև աշխարհում միջուկային զենքի տարածումը և երկրի բնականոն գործունեության համար կիբեռ-հարձակումների ու հաքերների կողմից ներկայացվող վտանգը:
 
Նախագահ Օբաման իր ուղերձում, անդրադառնալով արտաքին քաղաքականության, հիշեցրել է նաև, որ Ամերիկայում աշխատատեղեր ստեղծելու համար անհրաժեշտ է պայքարել աշխարհում աղքատության դեմ: Նախագահ Օբաման, բացի այդ, վերահաստատել է Միացյալ Նահանգների պարտավորվածությունը պաշտպանելու ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն աշխարհում:
 
Իր ելույթի ընթացքում Բարաք Օբաման հիշեցրել է նաև հրազենի նկատմամբ վերահսկողությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ «Նյութաունի դեպքերից երկու ամիս անց ավելի քան մեկ հազար ծնունդ, ավարտական հանդես և հոբելյան մեզանից խլել է հրազենից արձակած գնդակը»:
 
«Մեր երկիրն արդյունավետ գործում է միայն այն դեպքում, երբ որոշակի պարտականություն ենք ստանձնում միմյանց և ապագա սերունդների նկատմամբ: Որպես պետություն մենք ապրում ենք արդեն երեք դար, և որպես Միացյալ Նահանգների քաղաքացիների, մեր բոլորիս պարտականությունն է մնում դառնալ Ամերիկյան պատմության հաջորդ մեծ գլխի հեղինակը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ եզրափակելով իր ամենամյա ուղերձը:
Այս ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Եղեք առաջինը

ՆԵՐԲԵՌՆԵՔ «ԱՁ»-Ի ԾՐԱԳՐԱՊԱՏԿԵՐԸ ԲՋՋԱՅԻՆ ԵՎ ՊԼԱՆՇԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Download mobile app for your Android device.
Download mobile app for your iPhone or iPad.

ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ձեր համակարգչում JavaScript-ն անջատված է կամ Adobe's Flash Player-ի հնացած տարբերակ է տեղադրված: Ներբեռնեք Flash Player-ի վերջին տարբերակը:
Գազան ու «Համասը»` պաղեստինցիների առաջնորդի մարտահրավերներi
|| 0:00:00
...
 
🔇
X
22.08.2014
Մահմուդ Աբբասի գլխավորած Պաղեստինի ազգային միասնության կառավարությանը չի հաջողվել համոզել «Համաս»-ին համաձայնվել Գազայում հրադադարի պայմաններին, որոնք Եգիպտոսը համաձայնեցրել էր Իսրայելի հետ