Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը՝ ժնևյան բանակցությունների արդյունքների մասին


«Չեմ կարծում, որ այժմ հնարավոր է որևէ համոզվածություն արտահայտել». Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանի և Արևմուտքի պետությունների միջև բանակցությունները, որոնք պետք է նպաստեին Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածության նվազեցման, որոշակի ներուժ ունեն, սակայն Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի նկատմամբ, եթե իրավիճակը չբարելավվի:

«Չեմ կարծում, որ այժմ հնարավոր է որևէ համոզվածություն արտահայտել: Հավանական է, որ դիվանագիտությունը կարող է նպաստել իրավիճակի լարվածության նվազեցմանը», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ անընդհատ խորհրդակցություններ է անցկացնում Եվրոպայի դաշնակիցների հետ: Օբամայի համաձայն, Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցների հետ ունեցած քննարկումների ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ Ռուսատանի նկատմամբ կարող են ընդունվել լրացուցիչ միջոցներ, եթե չնկատվի իրավիճակի փաստացի բարելավում:

Նախագահ Օբաման, բացի այդ, ասել է, որ որևէ գործողությունների դիմելուց առաջ Արևմուտքի պետությունները պետք է գնահատեն Ռուսաստանի գործողությունները:

«Պետք է պատրաստ լինենք, որ մենք, փաստորեն, ստիպված կլինենք արձագանքելու այն բանի, որն իրենից ներկայացնում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հարավում և հարավ-արևելքում միջամտության փորձերի շարունակություն», - ասել է Բարաք Օբաման:
XS
SM
MD
LG