Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող նախագահական Քեմփ Դեյվիդ հանգստավայրում այսօր մեկնարկել է «Մեծ ութնյակի» անդամ պետությունների գագաթաժողովը:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ազգային անվտանգության գծով խորհրդական Թոմ Դոնիլոնի վկայությամբ, երկօրյա գագաթաժողովի ընթացքում «Մեծ ութնյակի» անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն նավթի համաշխարհային շուկաներին, էներգետիկայի ոլորտին, կլիմայի փոփոխություններին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրադարձությունների զարգացմանը, ինչպես նաև եվրոյի գոտում ծավալված ճգնաժամին վերաբերող խնդիրները:

Գագաթաժողովում մասնակցելու համար նախագահ Օբաման հրավիրել է նաև Բենին, Եթովպիա, Գանա և Տանզանիա աֆրիկյան պետությունների ղեկավարներին՝ մայրցամաքում պարենային անվտանգության խնդիրները քննարկելու նպատակով:

Քեմփ Դեյվիդ մեկնելուց առաջ ԱՄՆ-ի նախագահը Սպիտակ տանն ընդունել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին, որտեղ երկու ղեկավարների միջև կայացավ իրենց առաջին առանձնազրույցը:

Նախագահական հանգստավայր Քեմփ Դեյվիդում կայանալիք գագաթաժողովին, բացի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներից, մասնակցում են նաև եվրոյի գոտում ֆինանսական խնայողության խիստ միջոցների ջատագով, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իտալիայի, Ճապոնիայի ղեկավարները: Ռուսաստանի կողմից այս երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն «Մեծ ութնյակի» գագաթաժողովում մասնակցում է Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

XS
SM
MD
LG