Մատչելի հղումներ

Օբաման հորդորել է Կոնգրեսին գործողությունների դիմել հրազենի վերահսկման հարցում


«Այն հանգամանքը, որ խնդիրը բարդ է, այլև չի կարող արդարացում լինել անգործությանը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո կարգադրել է ստեղծել երկրի ամբողջ կառավարության մասշտաբով գործող աշխատանքային խումբ՝ հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված խնդրին լուծում տալու նպատակով:

«Սա Վաշինգտոնում գործող հանձնաժողովներից մեկը չի լինի, որի մասնակիցները հարցը կուսումնասիրեն վեց ամսվա ընթացքում, ապա զեկույց կհրապարակեն, որը կընթերցվի և մոռացության կմատնվի: Սա աշխատանքային խումբը է, որն ունի իրական բարեփոխումներ հենց հիմա իրականացնելու խնդիր», - ասել է նախագահ Օբաման՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրների առջև: Օրենսդիրներից շատերը նշել են, որ կհայտնեն իրենց աջակցությունը մարտական հրազենի և բարձր տարողունակությամբ պահեստատուփերի վերաբերյալ նոր սահմանափակումներին:

Նախագահ Օբաման նշել է, որ հրազենի կիրառմամբ բռնությունների հարցը բարդ է և ներառում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ հոգեկան առողջության և կրթության խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

«Այն հանգամանքը, որ խնդիրը բարդ է, այլև չի կարող արդարացում լինել անգործությանը: Այն հանգամանքը, որ մենք չեն կարող կանխել բռնությունների առանձին ամեն մի առանձին դեպք չի նշանակում, որ չեն կարող աստիճանաբար նվազեցնել բռնությունների թիվը և կանխել դրանց ամենասաստիկ դրսևորումները», - ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը հորդորել է ցուցաբերել «խելամիտ մոտեցում», որը պահպանելու է Միացյալ Նահանգների սահմանադրության երկրորդ ուղղումով նախատեսված հրազենի սեփականության իրավունքները՝ միաժամանակ լուրջ վերաբերմունք ցուցաբերելով հրազենի տնօրինման հետ կապված անվտանգությանը:

Նախագահ Օբամայի կողմից մատնանշված՝ հրազենի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, որտեղ ներգրավված կլինեն ԱՄՆ-ի նախարարների խորհրդի և կառավարությունից դուրս գործող կազմակերպությունները, գլխավորելու է փոխնախագահ Ջո Բայդենը: Նախագահ Օբաման նշել է, որ ցանկանում է արդեն հունվարին ստանալ աշխատանքային խմբի առաջարկությունները և խոստացել անհապաղ կյանքի կոչել դրանք:
XS
SM
MD
LG