Մատչելի հղումներ

Օբամայի հետ հարցազրույցի ընթացքում Քլինթընը խուսափել է քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերից


Նախագահ Օբաման և արտգործնախարար Քլինթընը՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացվող հանդիպման ընթացքում (արխիվային լուսանկար)
Նախագահ Օբաման և արտգործնախարար Քլինթընը՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանն անցկացվող հանդիպման ընթացքում (արխիվային լուսանկար)

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից շատերը հուսով են, որ Քլինթընը կմասնակցի 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և իր պաշտոնը շուտով ազատող արտգործնախարար Հիլարի Քլինթընի «Սի-Բի-Էս» հեռուստաընկերությանը տրված համատեղ հարցազրույցի ընթացքում արտգործնախարարը խուսափել է պատասխանելուց այն հարցերին, թե արդյոք նա նախատեսում է մասնակցել 2016 նախագահական ընտրարշավին:

65-ամյա Քլինթընը հարցազրույցի ընթացքում նշել է, թե քաղաքական ապագան կանխատեսելը դեռևս շատ վաղ է, և խոստովանել, որ վերջերս իր կողմից տարած ուղեղի ցնցումն ու այդ պատճառով գոյացած արյան տրոմբը «երկարատև որոշ ազդեցություն» են ունեցել, ինչը սակայն, ըստ բժիշկների, ժամանակի ընթացքում կվերանա:

«Նախագահը և ես շատ ենք մտահոգված այն հարցով, թե ինչ տեղի կունենա մեր երկրի հետ ապագայում: Եվ ես չեմ կարծում, որ նա կամ ես կարող ենք որևէ կանխատեսում անել այն մասին, թե ինչ կլինի վաղը կամ գալիք տարի», - ասել է արտգործնախարարը «Սի-Բի-Էս» հեռուստաընկերության «60 րոպե» հեռուստահաղորդման ընթացքում տված հարցազրույցում:

Հարցազրույցի ընթացքում նախագահ Օբաման մեծ գովասանքի է արժանացրել Քլինթընի դիվանագիտական ձեռքբերումները և նախատել հարցազրույցի վարող Սթիվ Քրոֆթին, որը հարցրել էր, թե «արդյոք գովասանքի այս խոսքերը պիտանելիության ժամկետ ունեն»:

«Լրագրողներն անուղղելի էն», - ասել է Օբաման՝ հավելելով. «Ես բառացի կերպով չոր օր առաջ եմ երդում տվել, իսկ դուք արդեն խոսում են այն մասին, թե ինչ կլինի չորս տարի անց»:

Արտգործնախարար Քլինթընի կողմից հարցազրույցի ընթացքում իր քաղաքական ապագայի վերաբերյալ հարցերին տրվել են ավելի զգույշ պատասխաններ, քան «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերությանն անցյալ տարվա դեկտեմբերին իր կողմից նախագահական ընտրություններին կրկին մասնակցելու վերաբերյալ տված հարցին պատասխանը: Այդ ժամանակ Հիլարի Քլինթընն ասել էր, թե «չի կարծում, որ կրկին որևէ նման բան կձեռնարկի»:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից շատերը հուսով են, որ Քլինթընը կմասնակցի 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների: Դեմոկրատների շրջանում հաճախ է հիշատակվում նաև փոխնախագահ Ջո Բայդենի անունը, սակայն վերջինս ասել է, թե դեռևս չի կողմնորոշվել իր մասնակցության շուրջ:
XS
SM
MD
LG