Մատչելի հղումներ

Օբաման պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու կոչ է արել


Միացյալ Նահանգների պետական պարտքի վերջին շեմն այժմ սահմանված է 16,4 տրիլիոն դոլար մակարդակի վրա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, նախագահական իր առաջին ժամկետի ավարտին և երդմնակալության արարողությունից ընդամենը օրեր առաջ անցկացված վերջին մամուլի հետ հանդիպումներից մեկի ժամանակ հիշեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականների հետ երկրի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ նոր պայքարի վտանգի մասին:

Մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Օբաման շեշտել է, որ հրաժարվում է պարտքի վերին շեմի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ:

Միացյալ Նահանգների պետական պարտքի վերջին շեմն այժմ սահմանված է 16,4 տրիլիոն դոլար մակարդակի վրա: Օրենսդիրները պետք է բարձրացնեն պետական պարտքի վերին շեմը կամ կրկին անգամ երես առ երես կանգնեն ԱՄՆ-ի վարկային վարկանիշի նվազեցման հետ, ինչպես դա եղել է 2011 թվականին:

Հանրապետականները պնդում են, որ պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու կողմ քվեարկության փոխարեն պետք է կրճատվեն Միացյալ Նահանգների պետական ծախսերը: Նախագահ Օբաման սակայն նշել է, թե պատրաստ է պետական բյուջեի պակասորդի շուրջ բանակցություններ վարել, սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ապահովելու, որ երկիրը կատարի իր պարտքային պարտավորությունները:

ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Միացյալ Նահանգները «արկածախնդրություն որոնողների» երկիր չէ, և եթե Կոնգրեսը ցանկանում է իրեն փոխանցել պարտքի շեմը բարձրացնելու համար պատասխանատվությունը, ապա ինքը մեծ հաճույքով կընդունի այն:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դաշնային կառավարությունը կդադարեցնի իր աշխատանքը՝ պետական պարտքի վերջին շեմին հասնելու դեպքում, նախագահ Օբաման ասել է, թե կառավարության աշխատանքի դադարեցումը «շատ խորը վնաս կհասցնի» տնտեսությանը, և նման իրադարձության դեպքում ամերիկացիներն ամբողջ պատասխանատվությունը կդնեն Վաշինգտոնի վրա:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյներն արձագանքել է նախագահ Օբամայի խոսքերին՝ ասելով, որ ամերիկացիները հավանության չեն արժանացնի պետական պարտքի վերին շեմի բարձրացումը՝ առանց պետական ծախսերի կրճատման:

Բեյների համաձայն, հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը կընդունի ծախսերը վերահսկողության տակ վերցնելուն, պարտքային պարտավորությունները կատարելուն և պետական մարմինների աշխատանքն ապահովելուն ուղղված օրենսդրություն՝ միաժամանակ հորդորելով դեմոկրատներին դիմել նույն քայլերի:
XS
SM
MD
LG