Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան կանցկացնի միջուկային «ևս մեկ կամ երկու փորձարկում»


Միջուկային փորձարկումների միջոցով Փխենյանը «փորձում է ստիպել ԱՄՆ-ին նստել բանակցությունների սեղանի շուրջ»

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են հիմնական դաշնակից Չինաստանին այս տարվա ընթացքում «ևս մեկ կամ երկու միջուկային փորձի անցկացման հնարավորության մասին, որոնք նպատակ են հետապնդելու ստիպել Միացյալ Նահանգները Փխենյանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ»:

«Լրացուցիչ փորձարկումներն այս տարի կարող են ուղեկցվել նաև հրթիռի ևս մեկ գործարկմամբ», - հաղորդել է Պեկինի և Փխենյանի կառավարական բարձրաստիճան շրջանակներին մուտքի ուղղակի հնարավորություն ունեցող աղբյուրներից մեկը:

«Ամեն ինչ պատրաստ է: Չորրորդ և հինգերորդ միջուկային փորձարկումները և հրթիռի երրորդ արձակումը կիրականացվեն շուտով, հնարավոր է՝ այս տարի», - նշել է աղբյուրը՝ հավելելով, որ միջուկային զենքի չորրորդ փորձարկումը կլինի երրորդից շատ ավելի հզոր և կկազմի 10 կիլոտոննա:

Ըստ աղբյուրի, միջուկային փորձարկումները կիրականացվեն, եթե Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ չնստի բանակցությունների սեղան և չդադարի ներկայում վարվող քաղաքականությունը, որը, ըստ Փխենյանի, Հյուսիսային Կորեայում վարչակարգի փոփոխության իրականացմանն է ուղղված:

«Հյուսիսային Կորեայի իշխանությունները, բացի այդ, ցանկություն են հայտնել, որ Միացյալ Նահանգները խաղաղության վերջնական պայմանգիր ստորագրի Փխենյանի հետ, և որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն», - նշել է աղբյուրը:

Հյուսիսային Կորեան իրավական տեսակետից դեռևս պատերազմի մեջ է և՛ հարևան Հարավային Կորեայի, և՛ Միացյալ Նահանգների հետ, քանի որ 1953 թվականից՝ Կորեական պատերազմի ավարտի ժամանակից հայտարարված զինադադարից հետո խաղաղության պայմանագիր դեռևս չի կնքվել:

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բաքն իր հերթին ուրբաթ օրը զգուշացրել է, որ երկխոսությունը և պատժամիջոցները բավարար չեն լինի՝ համոզելու համար, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքի մշակման ծրագրի իրականացումից:

Հանդես գալով Սեուլում օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների առջև՝ Հարավային Կորեայի նախագահն ասել է, թե «միայն Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը փոխելը կարող է վերջ դնել միջուկային զենքով զինված Փխենյանի կողմից ներկայացվող վտանգին»:

«Հարավային Կորեան կարող է օգնել՝ Հյուսիսային Կորեայի ժողովրդին, եթե ոչ՝ ղեկավարությանը, փոփոխություններ առաջացնելու հարցում», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:

Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի երրորդ փորձարկումն իրականացնելուց ընդամենը մի քանի օր անց, Հարավային Կորեայի զինված ուժերը նախօրեին փորձարկել են նոր հրթիռ, որը, նրանց համաձայն, «կարող է խոցել Հյուսիսային Կորեայի ցանկացած մասում գտնվող թիրախները՝ ցանկացած ժամանակ»:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, նոր զենքը «չափազանց կործանարար և հզոր է, և նախատեսված է թշնամուն հարձակում կատարելուց զսպելու համար»:

Պաշտպանության նախարարի խոսնակի համաձայն, սուզանավի վրայից գործարկված նոր հրթիռը չափազանց ճշգրիտ է և կարող է «խոցել հյուսիսկորեական հրամանատարական կենտրոնի պատուհանները»:
XS
SM
MD
LG