Մատչելի հղումներ

Երևանում կայացել է Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների հանդիպումը


Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 10-ին հանդիպում է ունեցել պաշտոնական այցելությամբ Երևանում գտնվող Սերբիայի արտգործնախարար Իվան Մրկիչի հետ։

Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն արտահայտվում է փոխադարձ աջակցության բազմաթիվ դրսևորումներով, որոնք լավ հիմք են ծառայում միջպետական փոխգործակցության խթանման համար։

Սերբիայի արտգործնախարար Մրկիչն իր հերթին ասել է, որ Երևան կատարվող իր այցի հիմնական նպատակն է նոր մակարդակի բարձրացնել բոլոր հնարավոր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը։

Սերբիայի արտգործնախարարը տեղեկացրել է Հայաստանի իր գործընկերոջը Կոսովոյի հետ բանակցությունների ընթացքը՝ այս համատեքստում բարձր գնահատելով Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը։

Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության համատեղ ջանքերը: Նախարար Մրկիչը վերահաստատել է Մինսկի խմբի համանախագահության գործունեության աջակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարների միջև հանդիպման օրակարգում էին նաև այս տարվա ընթացքում Սերբիայի նախագահի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցությանն առնչվող հարցերը։

2015 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Սերբիայի նախագահության համատեքստում քննարկվեցին կազմակերպության առջև ծառացած խնդիրները։

Հանդիպումից հետո, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իվան Մրկիչը ստորագրեցին Հայաստանի և Սերբիայի միջև կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը։
XS
SM
MD
LG