Մատչելի հղումներ

Լավրովը մեղադրել է Ուկրաինային ժնևյան համաձայնությունների խախտման մեջ


Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը միանգամայն անհեռանկարային են, քանի որ, ըստ արտգործնախարարի, «այն մեծ և ինքնուրույն պետություն է, որը գիտի, թե ինչ է ցանկանում»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը մեղադրել է Ուկրաինային անցյալ շաբաթ Ժնևում ձեռք բերված համաձայնությունների խախտման մեջ:

«Ժնևյան համաձայնությունները ոչ միայն չեն կատարվում, այլև ձեռնարկվում են քայլեր՝ նախ և առաջ Կիևում իշխանությունը գրաված անձանց կողմից, որոնք կոպտորեն խախտում են Ժնևում ձեռք բերված համաձայնությունները», - ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, բացի այդ, «հանցագործություն» է որակել Ուկրաինայի արևելյան Սլավյանսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած հրաձգությունը, որի արդյունքում եղել են զոհեր:

«Կիևի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, մատը մատի չեն խփել՝ Ուկրաինայում ձևավորված ներկայիս խորը ճգնաժամի հիմքում ընկած պատճառները վերացնելու համար», - ասել է արտգործնախարարը՝ հավելելով. «Մեզ վերջնագրեր ներկայացնելու, որևէ բան երկու կամ երեք օրվա ընթացքում կատարել պահանջելու և հակառակ դեպքում պատժամիջոցներով սպառնալու փոխարենը հորդորում ենք ամերիկացի մեր գործընկերներին վերջ ի վերջո լիովին գիտակցել պատասխանատվությունը նրանց համար, ում իրենք իշխանության գլուխ են կանգնեցրել»:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, բացի այդ, նշել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը միանգամայն անհեռանկարային են, քանի որ, ըստ արտգործնախարարի, «Ռուսաստանը մեծ և ինքնուրույն պետություն է, որը գիտի, թե ինչ է ցանկանում»:
XS
SM
MD
LG