Մատչելի հղումներ

Ներկայացվել են «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն–2010»-ի հիմնական արդյունքները


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը և Հայաստանի առողջապահության նախարարությունը ներկայացրեցին Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի (ՀԺԱՀ) 2010-ի հիմնական արդյունքները: ՀԺԱՀ ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ-i Միջազգային զարգացման գործակալությունը: ՀԺԱՀ ծրագրին աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը: Զեկույցի շնորհանդեսին ներկա են գտնվել Հայաստանի կառավարության անդամներ, միջազգային կազմակերպություններ, առողջապահական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հաղորդագրության, Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը երկրի մակարդակով ներկայացուցչականությունն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որը ժողովրդագրական բնութագրիչների միջոցով վերլուծական տեղեկատվություն է տրամադրում առողջապահական թեմաների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև արծարծված հարցերի շուրջ երկրում տեղի ունեցող առաջընթացների վերաբերյալ: Ստացված արդյունքները ղեկավար մարմիններին, այս ոլորտի քաղաքականությունը մշակող անձանց հնարավորություն են ընձեռում մշակել առավել նպատակային և իրատեսական ֆինանսական ծրագրեր:

Հաղորդագրությունում նշվել է, որ ՀԺԱՀ 2010-ի ընթացքում կատարվել են հարցում ավելի քան 7 հազար տնային տնտեսություններում: Հարցումներում ընդգրկվել են 15-ից 49 տարեկան 5922 կանայք և նույն տարիքային խմբի 1584 տղամարդիկ: Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր և մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, առողջության պահպանման օղակների մատչելիությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը և վարքագիծը, ինչպես նաև այլ թեմաներ:

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանում իրականացվում է 3-րդ անգամ (2000, 2005 և 2010 թվականներին), որի դաշտային աշխատանքներն անցկացվել են 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: «Այ Սի Էֆ Ինթերնեշնլ» կազմակերպությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «MEASURE DHS» ծրագրի շրջանակում:

Ըստ հաղորդագրության, ՀԺԱՀ-2010-ի արդյունքներով, 2005-ից 2010 թվականների ընթացքում մանկական մահացության ցուցանիշները նվազել են` 26 մահից մինչև 13 մահ` 1000 կենդանածնի հաշվով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումները ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինն աճել է 2005 թվականի 74 տոկոս ցուցանիշից մինչև 87 տոկոս՝ 2010 թվականին: Մյուս կողմից, մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն ունի գերքաշության խնդիր: Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005 թվականներին, այնպես էլ 2010 թվականին կանայք միջինում ունենում են 1,7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն 2008 թվականի հուլիսի մեկից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը թույլ տվել մոտ 10 անգամ նվազեցնել ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների ծավալը (մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը՝ 82,4%, իսկ 2008 թվականից հետո` 7,9%):

XS
SM
MD
LG