Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քերրին ժամանել է Իրաք


Իրաքի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը կշարունակի վերջինիս նկատմամբ ճնշում գործադրել՝ Իրաքում շիաների առաջնորդությամբ գործող առավել համապարփակ կառավարություն ստեղծելու նպատակով

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին չհայտարարված այցով ժամանել է Իրաք, որի ընթացքում նախատեսում է հանդիպում անցկացնել այս երկրի վարչապետ Նուռի ալ-Մալիքիի, ինչպես նաև սունիների և քրդերի առաջնորդների հետ:

Իրաքի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարարը կշարունակի վերջինիս նկատմամբ ճնշում գործադրել՝ Իրաքում շիաների առաջնորդությամբ գործող առավել համապարփակ կառավարություն ստեղծելու նպատակով:

Արտգործնախարար Քերրին Իրաքում ստեղծված իրավիճակն ու այս երկրում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման կողմից ներկայացվող վտանգը նախօրեին քննարկել էր Եգիպտոսի և Հորդանանի իր գործընկերների հետ ունեցած հանդիպման ընթացքում:

Կահիրեում լրագրողների հետ անցկացված հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել էր, որ եթե Իրաքի կառավարությունը նախատեսում է ստեղծել առավել համապարփակ կառավարություն, ապա Միացյալ Նահանգները կարող է օժանդակություն տրամադրել այս գործում:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է սպառնալ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի գրավմամբ, սակայն ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ խմբավորման առաջընթացը դեպի Բաղդադ վերջերս դանդաղել է:

Միացյալ Նահանգները ռազմական 300 խորհրդական է նախատեսում ուղարկել Բաղդադ: ԱՄՆ-ի իշխանությունները սակայն բացառել են այս երկրում շարունակվող բախումներին Միացյալ Նահանգների զինված ուժերի մասնակցությունը:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին նախօրեին հանդես էր եկել Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական որևէ ներգրավվածությունը մերժող հայտարարությամբ: Այաթոլլա Խամենեին ասել է, թե Բաղդադի կառավարությունը կարող է ինքնուրույն դադարեցնել հակամարտությունը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հետ:
XS
SM
MD
LG