Մատչելի հղումներ

Քերին կդառնա սպիտակամորթ տղամարդ առաջին արտգործնախարարը՝ 16 տարվա ընթացքում


«Արդյո՞ք որևէ նշանակություն ունի այն հանգամանքը, թե ինչ արտաքին ունի ԱՄՆ-ի բարձրագույն դիվանագետը, կին նա է, թե՝ տղամարդ»

«Ջոն Քերիին, սպասումների համաձայն, ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնում հաստատելու դեպքում նա դառնա 16 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների սպիտակամորթ տղամարդ առաջին արտգործնախարարը: Արդյո՞ք դա ինչ-որ բան է նշանակում»:

«Ամերիկայի Ձայն»-ի լրագրող Ջեֆ Սելդինը հիշեցնում է, որ ավելի քան մեկ տասնյակ տարիների ընթացքում ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները լսումների ժամանակ օգտագործել են «պարոն» բառը՝ դիմելով արտգործնախարարի պաշտոնի թեկնածուին:

«Այս բառը, թեկուզ առցանց, որոշակի արձագանքի է արժանացել», - գրում է հեղինակը՝ նշելով, որ հիմնականում կանանց թեմաներին անդրադարձող «Jezebel.com» կայքը վերջերս հրապարակել է երգիծական «Արդյո՞ք Ամերիկան պատրաստ է սպիտակամորթ տղամարդ արտգործնախարարի» վերնագրով մի հոդված:

«Վերջ ի վերջո, սպիտակամորթ տղամարդն այս պաշտոնը վերջին անգամ զբաղեցրել է 1997 թվականին, և դա եղել է արտգործնախարար Ուորեն Քրիսթոֆերը», - նշում է Սելդինը՝ վկայակոչելով պրոֆեսոր Ռոբերտ Թոմսոնի խոսքերը, որի համաձայն նման կատակները, նմանատիպ հարցերը վկայություն են շատ աննշան ազդակների մասին, որոնք, ըստ պրոֆեսորի, օգտագործվում են՝ հասկանալու համար, թե որ ուղղությամբ է ցանկանում շարժվել երկիրը:

Հեղինակի համաձայն, Մադլեն Օլբրայթի, Քոլին Փաուելի, Քոնդոլիզա Ռայսի և Հիլարի Քլինթընի դիվանագիտական առաջնորդության տարիներն իրենց ազդեցությունն են թողել:

Ջոնս Հոփքինս համալսարանի Միջազգային առաջատար հետազոտությունների ֆակուլտետի գիտաշխատող Դենիել Սերուերի համաձայն, այս ազդեցությունը բավականին ռեալ է, և այն ոգեշնչել է սևամորթներին և կանանց ու նպաստել արտգործնախարարության աշխատողների շրջանում վերջին 16 տարվա ընթացքում բնակչության այդ կատեգորիաների աշխատողների թվի զգալի ավելացման:

«Այսպիսով, արդյո՞ք որևէ նշանակություն ունի այն հանգամանքը, թե ինչ արտաքին ունի ԱՄՆ-ի բարձրագույն դիվանագետը, արդյո՞ք նա կին է, թե՝ տղամարդ», - հարցադրում է հեղինակը:

«Վերջ ի վերջո ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյոք արտգործնախարարն ուժեղ կլինի», - ասում է Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Թոնի-Միշել Թրեվիսը՝ հավելելով. «Կարծում եմ՝ Քերին իր հետ կբերի նման փորձառություն, որոշակի ագրեսիվություն, որը կդիտվի որպես «մենք այլևս թույլ չենք» նշան»:

«Ինչը Միացյալ Նահանգների դիվանագիտական շրջաններում արդեն, ըստ էության, չի վերագրվում սպիտակ տղամարդկանց», - եզրակացնում է հեղինակը:
XS
SM
MD
LG