Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարն այցելել է Չինաստան


Արտգործնախարար Քերրին Չինաստան կատարվող իր այցը մեկնարկել է երկրի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումից

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին այցելել է Չինաստան՝ անցկացնելու համար բանակցություններ, որոնք, ի թիվս այլոց, ուղղված են՝ ստիպելու համար Չինաստանին ավելացնել ճնշումն իր դաշնակից Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որպեսզի վերջինս դադարեցնի միջուկային զենքի մշակման իր ծրագիրը:

Արտգործնախարար Քերրին Չինաստան կատարվող իր այցը մեկնարկել է երկրի նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումից:

Ջոն Քերրին հանդիպումներ է ունեցել նաև Չինաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, այդ թվում Չինաստանի իր գործընկեր Վանգ Յիի հետ:

Չինաստանի նախագահի հետ ունեցած հանդիպումն արտգործնախարար Քերրին «դրական» և «շատ կառուցողական» է գնահատել:

«Հուսով ենք՝ 2014 թվականը կդառնա ժամանակակից նոր հարաբերությունների հաստատման, մեր միջև առկա տարբերությունների արդյունավետ կառավարման և հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցություն հաստատելու ուղիներ հայտնաբերելու տարի», - Չինաստանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերրին:

ԱՄՆ-ի արտգործնախարարը Չինաստան ուրբաթ օրը ժամանել էր Հարավային Կորեայից, որտեղ հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Պակ Քըն Հենի հետ:

Սեուլ կատարած իր այցի ընթացքում արտգործնախարար Քերրին ասել է, որ Չինաստանն ունի ուրույն և չափազանց կարևոր դերակատարություն՝ Փխենյանին միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսել համոզելու գործում:

Արձագանքելով ԱՄՆ-ի արտգործնախարարի հայտարարությանը՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակն ուրբաթ օրն ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ աշխատելիս Պեկինը գործադրում է «առավելագույն ջանքեր»:
XS
SM
MD
LG