Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ամենախոշոր բանկի վնասը աճել է՝ կազմելով 5,8 միլիարդ դոլար


Չնայած կրած կորուստների՝ բանկը տեղեկացրել է, որ երկրորդ եռամսյակում ստացված եկամուտը կազմել է 5 միլիարդ դոլար

ԱՄՆ-ի ամենախոշոր՝ «JPMorgan Chase» բանկը հայտնել է այս տարի վատ հաշվարկված մի շարք գործարքների պատճառով կրած վնասի գրեթե եռապատիկ ավելացման մասին:

Ուոլ Սթրիտի ներդրումային բանկը մոտ երկու ամիս առաջ հայտնել էր, թե Լոնդոնի իր գրասենյակի կողմից իրականացված գործարքների պատճառով բանկին հասցված վնասի ընդհանուր ծավալը կազմել է մոտ երկու միլիարդ դոլար:

«JPMorgan Chase»-ը սակայն ուրբաթ օրը հրապարակված իր եկամուտների և կորուստների հաշվետվությունում հայտնել է, որ այս տարվա ապրիլից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում նման գործարքների պատճառով կրած կորուստները կազմել են 4,4 միլիարդ դոլար: Եվս 1,4 միլիարդ դոլար կազմել են տարեսկզբին և այս ամսվա մի քանի օրվա ընթացքում կրած վնասները:

Բանկի նախագահ Ջեմի Դայնմոնն ասել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում բանկի կողմից իրականացվող գործարքների ռիսկայնությունը «զգալիորեն նվազել է»՝ համոզվածություն հայտնելով, որ գործարքների հիմնական մասի կողմից առաջացած խնդիրներն «արդեն իսկ գտել են իրենց լուծումը»:

Չնայած կրած կորուստների՝ եկամուտների և կորուստների հաշվետվությունում բանկը տեղեկացրել է, որ երկրորդ եռամսյակում ստացված եկամուտը կազմել է 5 միլիարդ դոլար:

Բանկի շուկայական արժեքը գործարքների պատճառով կրած վնասները հայտնաբերելու ժամանակից այնուամենայնիվ նվազել է 15 տոկոսով:
XS
SM
MD
LG