Մատչելի հղումներ

Իվաինիշվիլին Ռուսաստանի հարցերով հատուկ հանձնակատար է նշանակել


Վրաստանի վարչապետի համաձայն, Թբիլիսիին անհրաժեշտ է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ առանց ՆԱՏՕ-ում անդամակցությանն ուղղված աշխատանքները հապաղելու

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որոշման համաձայն, ստեղծվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնը: Նոր այս պաշտոնում նշանակվել է 2000-ից 2004 թվականներին Ռուսաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Զուրաբ Աբաշիձեն:

Իվանիշվիլիի համաձայն, այս որոշմամբ Վրաստանը կատարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված առաջին քայլը:

Վրաստանի վարչապետի համոզմաբմ, այս փուլում իրատեսական է առևտրային և մշակութային հարաբերությունների կարգավորումը: Նա մասնավորապես հույս է հայտնել, որ արդեն այս տարի հնարավոր կդառնա Ռուսաստանի շուկա ներմուծել Վրաստանում արտադրված ցիտրուսները:

Անդրադառնալով Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցին՝ վարչապետը նշել է, որ դրա համար կպահանջվի ավելի երկար ժամանակ, քանի որ այս խնդիր կարգավորմանը խոչընդոտում Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում Ռուսաստանի ունեցած դիրքորոշումը: Իվանիշվիլին այնուամենայնիվ նշել է, որ կպահպանվի բանակցությունների ժնևյան ձևաչափը:

Վարչապետ Իվանիշվիլին ասել է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլերն ազդեցություն չեն գործի եվրաատլանտյան կառույցներում երկրի ինտեգրման գործընթացների վրա:

Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գործոնի առկայությանը: Հիշեցնենք, որ նախագահ Սահակաշվիլին կշարունակի զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը մինչև 2013 թվականի նոյեմբերը: Իվանիշվիլին կարծիք է հայտնել, թե Սահակաշվիլիի «ոչ դիվանագիտական արտահայտությունները և 2008 թվականին իրականացված սադրանքը մինչ այժմ առաջացնում են Ռուսաստանի զայրույթը:

«Սակայն չեմ կարծում, որ այսօր դա սկզբունքային է և կարող է խոչընդոտ լինել այս գործընթացների համար: Ամեն ինչ կանենք՝ ճիշտ ուղի և ուղղություն ընտրելու համար», - ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
XS
SM
MD
LG