Մատչելի հղումներ

Իրանը նախատեսում է արդիականացնել միջուկային սարքավորումները


Իրանի նախագահը՝
Իրանի նախագահը՝

Նոր սարքավորումները թույլ կտան ավելի արագ իրականացնել ուրանի զտման աշխատանքները

Իրանը նախատեսում է տեղադրել նոր սարքավորումներ միջուկային նյութի հարստացման գործարաններում, որոնք թույլ կտան ավելի արագ իրականացնել ուրանի զտման աշխատանքները:

Նման տեղեկություններ է հինգշաբթի օրը հաղորդել Արևմուտքի լրատվամիջոցներին իր անունը բացահայտել հրաժարված դիվանագետներից մեկը: Նրա համաձայն, Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությանը երկրի կենտրոնական մասում գտնվող «Նաթանզ» միջուկային հարստացման գործարանում ժամանակակից ցենտրիֆուգաներ տեղադրելու նախագծերի մասին:

Իրան հունվարի կեսերին այցելել էր ՄԱԿ-ի միջուկային գործակալության գլխավոր տեսուչի գլխավորած մասնագետների մի խումբ, որի այցի արդյունքում սակայն հնարավոր չեղավ հասնել Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող հաստատություններ մուտք գործելու մասին համաձայնության:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի՝ որպես «P5+1» հայտնի պետությունների խմբի և Իրանի միջև բանակցությունները վերջին անգամ անցկացվել են անցյալ տարվա հունիսին, սակայն որևէ հաջողության չէին հասել այն պատճառով, որ կողմերից որևէ մեկը չէր ցանկացել զիջումներ կատարել իրենց ունեցած դիրքորոշման մեջ:

Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հինգշաբթի օրն ասել է, թե միջազգային բանագնացները կշարունակեն աշխատանքն Իրանի հետ՝ վերջինիս միջուկային ծրագրի կապակցությամբ ունեցած մտահոգությունների շուրջ քննարկումները վերսկսելու ուղղությամբ: Էշթոնը համոզվածություն է հայտնել, որ նման հանդիպում հնարավոր կլինի անցկացնել մոտակա ժամանակներում:
XS
SM
MD
LG