Մատչելի հղումներ

Աշխարհում մեկնարկել է «iPhone 5»-ի վաճառքը


«Samsung»-ը նախատեսում է ներառել «iPhone 5»-ը «Apple» ընկերության դեմ առևտրային արտոնագրերի խախտման մասին ներկայացած դատական հայցի մեջ

Ասիայում «Apple» ընկերության արտադրատեսակների երկրպագուները դարձել են երկար սպասված «iPhone 5» նոր սմարթֆոնի առաջին սեփականատերերը, որի վաճառքը մեկնարկել է սեպտեմբերի 21-ին:

Ավստրալիայում և Ճապոնիայում խանութների մոտ գոյացել են նոր սարքի սեփականտերը դառնալու մեծ ցանկություն ունեցող մարդկանց հերթեր: Սիդնեյ քաղաքի կենտրոնում որոշ երկրպագուներ երեք օր խանութների մոտ սպասել են վաճառքների մեկնարկին, իսկ Հոնկոնգում «Apple» ընկերության վաճառակետերի աշխատողները ողջունել են խանութներ մեկ առ մեկ մտնող հաճախորդներին՝ վանկարկելով «iPhone 5, iPhone 5»:

Նույն օրը «Apple» ընկերության նոր սմարթֆոնի վաճառքները մեկնարկել են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն նաև Միացյալ Նահանգներում և Կանադայում, որտեղ սմարթֆոն գնել ցանկացողները նույնպես երկար ժամանակ են անցկացրել ընկերության խանութների մոտ:

Ռուսաստանում «iPhone 5»-ի վաճառքը մեկնարկելու մասին դեռևս որևէ հաղորդագրություն չկա:

Չնայած նոր սարքը բավականին «սառը» ընդունելության էր արժանացրել մասնագետների կողմից, «Apple»-ն այնուամենայնիվ հաղորդել է «iPhone 5»-ով առաջացրած ռեկորդային պահանջարկի մասին: Սարքը ներկայացնելուց հետո ընկերությունը ստացել է ավելի քան երկու միլիոն նախնական պատվեր, ինչը երկու անգամ գերազանցել է սմարթֆոնի նախորդ տարբերակի նկատմամբ պահանջարկը: Փորձագետների գնահատականների համաձայն, մինչև սեպտեմբերի վերջ «Apple»-ը կկարողանա վաճառել մոտ 10 միլիոն «iPhone 5»:

«iPhone 5»-ն ավելի երկար և թեթև է սմարթֆոնի նախորդ տարբերակից և ունի ավելի մեծ էկրան: Բացի դրանից, այն կարող է աշխատել նոր սերնդի ցանցում:

Այս ընթացքում «Apple» ընկերության հիմնական մրցակից «Samsung» ընկերությունը նախատեսում է խոչընդոտել «iPhone 5»-ի դեբյուտը: Հարավկորեական ընկերությունն ուրբաթ օրը հաղորդել է, որ նախատեսում է ներառել «iPhone 5»-ը «Apple» ընկերության դեմ առևտրային արտոնագրերի խախտման մասին ներկայացած դատական հայցի մեջ:

Հիշեցնենք, որ «Apple»-ի ու «Samsung»-ի միջև առևտրային արտոնագրերի շուրջ դատական վեճերը վարվում են չորս մայրցամաքում: Ընկերություններից յուրաքանչյուրը փորձում է գերիշխող դիրք զբաղեցնել տարեկան 200 միլիարդ դոլար ծավալ ունեցող սմարթֆոնների շուկայում:
XS
SM
MD
LG