Մատչելի հղումներ

Ներքին գործերի նախարար. «Ուկրաինայում դիմակայությունը պետք է ավարտվի 48 ժամվա ընթացքում»


Ներքին գործերի ժամանակավոր պաշտոնակատար Ավակովն ասել է, որ քաղաքական լուծման հասնել դեռևս հնարավոր է

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը զգուշացրել է, որ երկրի երեք մարզում ռուսաստանամետ ցուցարարների հետ դիմակայությունը պետք է ավարտվի 48 ժամվա ընթացքում՝ բանակցությունների կամ ուժի գործադրման միջոցով:

Ներքին գործերի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ քաղաքական լուծման հասնել դեռևո հնարավոր է:

Ավակովը սակայն խոստացել է, որ հակամարտություն հրահրել ցանկացող ցուցարարների նկատմամբ Ուկրաինայի իշխանությունները վճռական գործողություններ կձեռնարկեն:

Ուկրաինայի արևելյան շրջանների մի քանի քաղաքում ռուսաստանամետ խմբավորումները գրավել են կառավարական մի քանի շենք և Ռուսաստանին միանալու պահանջ են ներկայացրել:

Ուկրաինայի իշխանությունների համաձայն, Խարկով քաղաքում նախօրեին լսվել էին կրակոցներ, ձերբակալվել էր առնվազն 60 մարդ: Դոնեցկ քաղաքում ռուսաստանամետ ցուցարարները շարունակում են վերահսկել կիրակի օրը գրավված կառավարական շենքերը:

Լուգանսկ քաղաքում, ըստ Ուկրաինայի իշխանությունների, ազատ են արձակվել ռուսաստանամետ ցուցարարների կողմից ավելի վաղ վերցրած 60 պատանդից ավելի քան 50-ը: Ցուցարարներն ականապատել են իրենց կողմից գրավված շենքը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախօրեին անցկացված նիստի ընթացքում ասել էր, որ Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանը հրահրում է արհեստական ճգնաժամ՝ ռազմական ներխուժում արդարացնելու նպատակով:

Արտգործնախարար Քերրիի համաձայն, Ռուսաստանի բանկային, հանքագործական և էներգետիկական ոլորտների նկատմամբ կարող են ընդունվել ավելի խիստ պատժամիջոցներ այն դեպքում, եթե այս երկիրը չդադարեցնի Ուկրաինայում իրավիճակի խարխլման ուղղությամբ իրականացվող գործողությունները:
XS
SM
MD
LG