Մատչելի հղումներ

Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանի տարածքի պատկանելության հարցը մնում է առկախված


ԱՄՆ-ում դատական հայց է հարուցվել Թուրքիայի Հանրապետության դեմ Ինջիրլիքի ռազմակայանի տարածքի պատկանելության շուրջ: Հայցի իրավական մանրամասնությունների շուրջ Ամերիկայի Ձայնը խոսեց հայտնի իրավաբան Վարդգես Եղիայանի հետ

Կիլիկիայում գտնվող Ինջիրլիքի ռազմակայանը Թուրքիայի կառավարությունը տասնամյակներ շարունակ տրամադրել է ԱՄՆ-ի Զինված Ուժերին, սակայն վերջերս Թուրքիան խոչընդոտում է այդ օդակայանի օգտագործումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի օդային գործողությունները իրականացնելիս:

13,30. «Ադ հողերը ամբողջը հայերուն կպատկանի, ան տեղ Ադանայում ապրողների ամառանոցներն էին, կար եկեղեցի մը ու դպրոց մը, որը Թուրքիո կառավարությունը ապօրինի զավթած է»:

Ամերիկյան մի քանի իրավաբանական ընկերություններ, ինչպես օրինակ «Քաբաթեք Բրաուն Քելլներ սահմանակ պատասխանատվությամբ գործընկերությունը», մի քանի միլիարդ դոլարի համարժեք դատական գործ են հարուցել թուրքական կառավարության դեմ, 1915-ից մինչև 1923 թթ–ը հայերից բռնագրավված ունեցվածքի փոխհատուցման նպատակով:

Այս անգամ ուշադրություն գրավեց դեռ 2010 թվականին հարուցված Ինջիրլիքի օդակայանի գործը՝ կապված ԱՄՆ-ի ու Թուրքիայի կառավարությունների միջև այդ ռազմակայանի օգտագործման շուրջ ընթացող բանակցությունների հետ: Հայտնի հայազգի իրավաբան Վարդգես Եղիայանի համաձայն, Ինջիրլիքի օդակայանի հարցը արժանի է առանձնակի ուշադրության՝ քանի որ դրա համար վճարում է ԱՄՆ-ի կառավարությունը. «Եթե մի բանը գողացված է, ապա դրանից ստացված դրամը իրավունք չիկա յուրացնելու գողին կոմղեն»:

Ըստ ԱՄՆ-ի դատարան ներկայացված հայցի՝ թուրքական կառավարությունը ապօրինի յուրացրել է նախկինում հայերին պատկանող սեփականությունը: Այս հայցը ներառում է նաև այդ երկրի Կենտրոնական բանկի ու Զիրաաթ բանքասը բանկի դեմ հայցերը, որպես թուրքական կառավարության հիմնական ֆինանսական գործիք: Ըստ Վարդգես Եղիայանի՝ «Զիրաաթ բանքասը» բանկը այն հիմնարկն է, ուր պահվում են հողային սեփականության վերաբերյալ բոլոր տվյալները, և տարօրինակորեն այս ու Թուրքիայի կենտրոնական բանկերը մասնաճյուղեր ունեն ԱՄՆ-ում, ինչը արտառոց մի երևույթ է կենտրոնական բանկերի պարագայում, ինչն էլ հնարավորություն է տալիս դատական հայցով դիմել ԱՄՆ-ի դատարան: Ըստ ամերիկյան օրենքի՝ հնարավոր չէ գործ հարուցել օտար երկրում առկա սեփականության շուրջ, եթե այն առևտրական հարաբերություններին չի վերաբերում կամ մարդու իրավունքների կոպիտ խախտման հետևանք չէ:

Սակայն Վարդգես Եղիայանը կարծում է, որ Ինջիրլիքի պարագայում այս երկու բացառությունները գործում են. «Այս դատական գործի հայցվորները երեք ընտանիք են և 30-ից ավելի փաստաթուղթ կա, ըստ որոնց Ինջիրլիքի հողը պատկանել է իրենց»:

Դատական հայցը հաղթել է առաջին ատյանի դատարանում, սակայն քաղաքական լինելու պատճառաբանությամբ դրա կիրառկումը կասեցվել է, մինչ Ավստրիայի դեմ նմանատիպ հայցի կարգավորումը Գերագույն դատարանի կողմից, որը որպես նախատիպ է հանդես գալու նաև հայերի հայցը բավարարելու հարցում: Սակայն Ամերիկայի Ձայնի հարցին, թե անհաջող ընթացքի դեպքում արդյոք իրենք մտադիր են գործը շարունակել Եվրոպական դատարանում, Վարդգես Եղիայանը դրական պատասխանեց, հավելելով, որ ամերիկյան ատյաններում գործը առաջ ընթանալու դեռ բազմաթիվ այլ տարբերակներ ունի և իրենք համոզված են, որ հաղթելու են:

XS
SM
MD
LG