Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի վարկային հիմնադրամն ավելացնում է ակտիվները


Աշխարհի խոշորագույն 20 տնտեսությունների ֆինանսների նախարարներն Վաշինգտոնում ուրբաթ օրը կշարունակեն քննարկումները, որոնց հիմնական թեման ըստ էության կդառնա Եվրոպայում շարունակվող պարտքային ճգնաժամը:

Արժույթի միջազգային հիմնադրամին համաշխարհային տնտեսությունը Եվրոպայում ծավալված պարտքային ճգնաժամից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ևս 400 միլիարդ դոլար: ԱՄՀ-ը արդեն իսկ ստացել է 320 միլիարդ դոլար տրամադրելու մասին պարտավորվածություններ, իսկ Ճապոնիայի ֆինանսների նախարար Ջուն Ազումին հինգշաբթի օրը հայտնել է, թե «հիմնադրամի կողմից միջոցներ ձեռք բերելու նպատակի իրագործման հավանականությունը շատ բարձր է»:

ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը վերահաստատել է Ազումիի հայտարարությունը՝ ասելով, թե գալիք մի քանի օրվա ընթացքում ակնկալում է, որ հիմնադրամի անդամ 188 պետությունները կհայտնեն ֆինանսական միջոցներ տրամադրելու նոր պարտավորություններ ստանձնելու մասին:

Սակայն մինչ օրս Արժույթի միջազգային հիմնադրամի ամենախոշոր բաժնետերը՝ Միացյալ Նահանգները չի արել միջոցների տրամադրման պարտավորությունների վերաբերյալ որևէ հայտարարություն: Վաշինգտոնն արդեն իսկ «կողքի է դրել» ԱՄՀ-ին տրամադրվելիք 171 միլիարդ դոլար ծավալի վարկային միջոցներ, սակայն դեռևս չի վավերացրել Հիմնադրամին տրամադրվող ֆինանսավորումը 60 տոկոսով ավելացնելու պարտավորությունը, որի մասին հայտնել է 2010 թվականի: Նման պարտավորության վավերացումը նախագահական ընտրությունների անցկացման տարվա ընթացքում քիչ է հավանական:

ԱՄՀ-ի տնօրենն ասել է, թե Միացյալ Նահանգների տնտեսությունը սկսել է վերականգնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներից՝ միաժամանակ զգուշացնելով աշխարհի տնտեսությանը սպառնացող նոր խնդիրների մասին, որոնք կարող են խաթարել ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումը:

XS
SM
MD
LG