Մատչելի հղումներ

«HSBC» բանկում թույլ վերահսկողությունը փողերի լվացման պատճառ է դարձել


«Բանկի պաշտոնյաները և ԱՄՆ-ի կարգավորող մարմինները կանոնավոր կերպով անտեսել են նախազգուշացումները»

ԱՄՆ-ի Սենատի կողմից իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «HSBC» բանկում թույլ վերահսկողության պատճառով Մեքսիկայում թմրանյութերի անօրինական առևտրով զբաղվող հանցախմբերին և այլ հանցագործներին հաջողվել է միլիարդավոր դոլար կազմող գումարներ տեղափոխել Միացյալ Նահանգները:

Սենատում այս հարցի շուրջ երեքշաբթի օրը կայանալիք լսումներից առաջ հրապարակված զեկույցում ասված է, որ բանկը, բացի դրանից, գործարքներ է իրականացրել ահաբեկչական գործունեության հետ կապեր ունեցող ընկերությունների և Իրանի նման «անհուսալի պետությունների» հետ:

Զեկույցում նշված է, որ բանկի պաշտոնատար անձինք և ԱՄՆ-ի կարգավորող մարմինները կանոնավոր կերպով անտեսել են նախազգուշացումները և 2002-ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում թերացել են անօրինական գործունեությունը դադարեցնելու հարցում՝ ըստ էության հնարավորություն տալով հանցագործներին և ահաբեկիչներին մուտք գործել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգ:

Եվրոպական խոշորագույն «HSBC» բանկը հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն բանկի գործադիրները ներողություն կխնդրեն Վաշինգտոնում կայանալիք լսումների ընթացքում, որի ժամանակ օրենսդիրները կհարցաքննեն բանկի պաշտոնյաներին և ԱՄՆ-ի կարգավորող մարմինների ներկայացուցիչներին:
XS
SM
MD
LG