Մատչելի հղումներ

«Ադրբեջանը պետք է դադարեցնի գրողի հետապնդումը»


«Ադրբեջանի իշխանությունները ծաղրանքի են ենթարկում խոսքի ազատությունը պաշտպանելու իրենց պարտավորությունները»

«Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի գրող Աքրամ Այլիսլիի դեմ ուղղված ահաբեկման արշավը»:

Այս կոչով է հանես եկել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը՝ շեշտելով, որ օտարերկրյա կառավարություններն ու միջպետական կազմակերպությունները, որոնց անդամակցում է Ադրբեջանը, պետք է դեմ արտահայտվեն ահաբեկման նման արշավին, հորդորեն Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետաքննություն մեկնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Այլիսիին սպառնալիքներ ներկայացնելու համար, և հարգանք ցուցաբերեն խոսքի ազատության նկատմամբ:

«Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են պաշտպանելու Աքրամ Այլիսիին: Փոխարենը նրանք գլխավորել են գրողի ուղղությամբ «ցեխ շպրտելու» և թշնամական հռետորաբանության արշավը՝ վտանգի տակ դնելով վերջինին», - ասել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները «ծաղրանքի են ենթարկում խոսքի ազատությունը պաշտպանելու իրենց պարտավորությունները»:

«Այս հանգամանքը շոկ է առաջացնում, մասնավորապես այն բանից հետո, երբ անցյալ ամիս Ադրբեջանի բազմաթիվ պաշտոնյաներ հավաքվել էին Ստրասբուրգում՝ փորձելով Եվրոպայի խորհրդին «վաճառել» իրենց կառավարության կողմի մարդու իրավունքների ոլորտում ստեղծած իրավիճակը», - նշել է «Human Rights Watch» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Բաքվում 1989 թվականին հայերի վրա իրականացված հարձակումների մասին պատմող Աքրամ Այլիսիի «Քարե երազներ» վեպը բուռն արձագանք է առաջացրել Ադրբեջանում: Գրողը մեղադրվել է պատմական փաստերի շարադրման ժամանակ կողմնակալության մեջ:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ շաբաթվա վերջ հրամանագիր է ստորագրել «Քարե երազներ» վեպի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից զրկելու մասին: 75-ամյա գրողը զրկվել է նաև պետական թոշակից:

Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության ղեկավարն օրերս հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի 10 հազար մանաթ (մոտ 13 հազար ԱՄՆ դոլար) պարգևավճար կվճարվի այն մեկին, որ կկտրի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը:

Այս մասին ադրբեջանական «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել էր կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևը, որի կողմից գրող Աքրամ Այլիսլիի հասցեին սպառնալիքներ ներկայացնելու մասին տեղեկությունները հետաքննել է խոստացել Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության պետի խոսքով, «Ադրբեջանի օրենսդրությունը որևէ մեկի նկատմամբ ինքնադատաստան կատարելու իրավունք չի տալիս»:

Մեկնաբանելով իր դեմ ուղղված սպառնալիքները՝ գրող Աքրամ Այլիսլիի ասել է, թե «նրանք, ովքեր ազատություն են տալիս Հաֆիզ Գաջիևի նմաններին, վնասում են ադրբեջանցի ժողովրդի բարոյականությունը:

Գրողն ասել է, որ «նորմալ երկրներում այսպիսի հայտարարության համար իրավապահ մարմինները անձին պատասխանատվության կենթարկեին»՝ հավելելով, որ եթե իրավապահ մարմինները գործուն քայլեր չձեռնարկեն, ապա ինքը հարկադրված կլինի իր ընտանիքի հետ միասին մեկնել երկրից:

«Քարե երազներ» վեպը հրապարակվել էր անցյալ տարի «Դրուժբա նարոդով» ամսագրում՝ ռուսերեն լեզվով:
XS
SM
MD
LG