Մատչելի հղումներ

Ֆրանսիան բացառում է բանակցությունները պատանդ վերցնողների հետ


Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան (արխիվային լուսանկար)
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիան (արխիվային լուսանկար)

«Ֆրանսիան կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար պատանդների ազատ արձակումը, սակայն գործարքի չի գնա պատանդ վերցնողների հետ»

Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ չեն բանակցի Կամերունում Ֆրանսիայի քաղաքացիների պատանդ վերցրած զինյալների հետ:

Երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը երեքշաբթի օրն ասել է, որ Ֆրանսիան կօգտագործի «հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար պատանդների ազատ արձակումը», սակայն գործարքի չի գնա պատանդ վերցնողների հետ:

Այս հայտարարությամբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հանդես է եկել այն բանից հետո, երբ նախօրեին «YouTube» կայքում տարածվել է տեսանյութ, որտեղ արաբերեն խոսացող մի զինյալ սպառնացել է սպանել մի խումբ պատանդների այն դեպքում, եթե իսլամիստներ ազատ չարձակվեն Կամերունում ու Նիգերիայում:

Ֆրանսիայի իշխանությունների համաձայն, նույն ընտանիքի անդամ երկրի յոթ քաղաքացի պատանդ են վերցվել անցյալ շաբաթ Կամերունում իրենց հանգիստն անցկացնելու ժամանակ, և որ պատանդները, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել են Նիգերիա:

Պատանդներ վերցնելու համար Ֆրանսիան մեղադրում է «Բոկո Հարամ» զինյալների խմբավորման, սակայն երկրի արտգործնախարարությունն ասել է, թե չի կարող հաստատել այս խմբավորման ներգրավված լինելու հանգամանքը:

Այս ընթացքում պատանդներ վերցնելու համար պատասխանատվություն է ստանձնել Նիգերիայում գործող զինյալների մեկ այլ՝ «Անսարու» անվանումը կրող զինյալների մի խմբավորում:
XS
SM
MD
LG