Ֆրանսիան կբարձրացնի Սիրիայի ապստամբներին զինելու հարցը
Ֆրանսիայի արտգործնախարարի համաձայն, իր երկիրն աշխատելու է Եվրոպական դաշնակիցների հետ Սիրիայի նկատմամբ համակարգված ծրագիր մշակելու ուղղությամբ
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս (արխիվային լուսանկար)x
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուս (արխիվային լուսանկար)
Արմեն Հովհաննիսյան
15.11.2012
Ֆրանսիայի իշխանությունները նախատեսում են բարձրացնել Սիրիայի նկատմամբ ներկայումս կիրառվող զենք և զինամթերք առաքելու էմբարգոյից պաշտպանական սպառազինությունը հանելու հարցը՝ նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին օգնություն տրամադրելու նպատակով:
Այս մասին հինգշաբթի օրը տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ ասելով, որ իր երկիրն աշխատելու է Եվրոպական դաշնակիցների հետ Սիրիայի նկատմամբ համակարգված ծրագիր մշակելու ուղղությամբ:
«Այս պահին առկա է էմբարգոն, և այսպիսով Եվրոպայի կողմից որևէ զենքի չի մատակարարվում: Այս հարցը կբարձրացվի, և այն անկասկած կվերաբերի պաշտպանական սպառազինության: Սակայն այս գործողություններին հնարավոր է դիմել միայն Եվրոպայի մեր գործընկերների հետ համակարգված եղանակով», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեքշաբթի օրը հայտնել էր իր երկրի կողմից Սիրիայի նոր ձևավորված ընդդիմությունը ճանաչելու և ապստամբներին ռազմական օգնություն տրամադրելու մասին: Ֆրանսիան այսպիսով դարձել է Արևմուտքի առաջին երկիրը, որը պաշտոնապես է ճանաչել Սիրիայի միավորված ընդդիմությանը:
Ֆրանսիայից առաջ Սիրիայի միավորված ընդդիմությունը երկուշաբթի օրը ճանաչվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի կողմից:
ԱՄՆ-ի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել են Սիրիային լրացուցիչ 30 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին:
Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը, որը Ավստրալիա կատարվող իր այցի ժամանակ նշել է, թե տրամադրվելիք օգնության միջոցով Սիրիայի ներսում, ինչպես նաև Թուրքիա, Լիբանան, Հորդանան և Իրաք փախուստի դիմած սիրիացիներին սննդամթերք կտրամադրվի:
Արտգործնախարար Քլինթընը, բացի այդ, հորդորել է Սիրիայի ընդդիմությանը ի կատար ածել Քաթարի մայրաքաղաք Դոհայում վերջերս ստանձնած հանձառությունները և սկսել իրական ազդեցություն գործել Սիրիայում ծավալվող իրադարձությունների վրա: