Մատչելի հղումներ

«Անկարան վերափաթեթավորում է ցեղասպանության ժխտումը». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ


«Փաստը մնում է փաստ, որ Թուրքիան, ինչպես պարզ ցույց է տալիս կարծրասիրտ և ցինիկ այս հնարքը, այսօր խորացնում է ճշմարտության ժխտումը և ավելացնում խոչընդոտները Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտության հասնելու ճանապարհին». Համբարյան

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «1915 թվականի իրադարձությունների» շուրջ արված հայտարարությանը՝ «ցեղասպանության ժխտման վերափաթեթավորում» որակելով այն:

«Վարչապետ Էրդողանն այսօր հրապարակած իր հայտարարության մեջ ապարդյուն փորձ է կատարում՝ խուսափելու համար Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ պարզ, չլուծված երկկողմանի հակամարտության մակարդակի նվազեցնելով դեռևս անպատիժ մնացող միջազգային այս հանցագործության նշանակությունը», - ասել է Համբարյանը՝ հավելելով, որ «ո՛չ փաստերը, ո՛չ էլ աշխարհում ընդունված իրավունքի և բարոյականության կանոնները չեն սատարում աղավաղված այս տեսակետը»:

«Անկարան, որի միջազգային մեկուսացումը հետզհետե ավելանում է, վերափաթեթավորում է ցեղասպանության ժխտումը», - ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենի հայտարարության մեջ:

«Փաստը մնում է փաստ, որ Թուրքիան, ինչպես պարզ ցույց է տալիս կարծրասիրտ և ցինիկ այս հնարքը, այսօր խորացնում է ճշմարտության ժխտումը և ավելացնում խոչընդոտները Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտության հասնելու ճանապարհին», - եզրափակում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «1915 թվականի իրադարձությունների» շուրջ արված հայտարարությանը տրված արձագանքը:
XS
SM
MD
LG