Մատչելի հղումներ

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել դադարեցնել Իսրայելի «ագրեսիան»


Իսրայելի և պաղեստինցիների կողմից այս շաբաթ իրականացված փոխադարձ հարձակումների հետևանքով զոհվել է 20 պաղեստինցի և Իսրայելի երեք բնակիչ

Եգիպտոսի վարչապետը խոստացել է ակտիվացնել իր երկրի կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Իսրայելի իր կողմից «ագրեսիա» որակված գործողությունների դադարեցման, ինչպես նաև Իսրայելի և պաղեստինցիների միջև զինադադարի հաստատման:

Այս հայտարարությամբ Եգիպտոսի վարչապետ Հեշամ Քանդիլը հանդես է եկել՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Գազայի գոտում: Քանիդիլի ելույթից փոքր-ինչ առաջ ձախողվել էր Իսրայելի կողմից Եգիպտոսի վարչապետի Գազայի գոտի ժամանելու կապակցությամբ հայտարարված կարճատև զինադադարը:

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ ուրբաթ օրը Գազայի գոտու ուղղությամբ որևէ հարձակում չի իրականացվել երկու ժամվա ընթացքում նույնիսկ այն բանից հետո, երբ նույն ժամանակահատվածում «Համաս»-ի զինյալների կողմից ավելի քան 50 հրթիռ էր արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ:

«Համաս»-ի աղբյուրները սակայն հայտնել են, թե Իսրայելի օդուժն ուրբաթ օրը ռմբակոծության է ենթարկել Գազայի գոտու հյուսիսային հատվածը: Այս հարվածների հետևանքով, ըստ «Համաս»-ի, զոհվել է երկու պաղեստինցի:

Երկու կողմերի այս շաբաթ իրականացված փոխադարձ հարձակումների հետևանքով զոհվել է 20 պաղեստինցի և Իսրայելի երեք բնակիչ:

Պաղեստինյան ինքնավարությունը կրկին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի վերջինս գործողություններ ձեռնարկի՝ Գազայի գոտու ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացվող հարձակումները դադարեցնելու նպատակով:
XS
SM
MD
LG