Մատչելի հղումներ

Նյութաունը նախապատրաստվում է սպանդի զոհերի հուղարկավորության


Ոստիկանությունը խոստացել է չբացահայտել սպանդի իրականցման դրդապատճառներն այնքան ժամանակ, մինչև «հայտնի չդառնա ամբողջական պատկերը»

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում երկուշաբթի օրը կանցկացվի անցյալ շաբաթվա վերջում տեղի տարրական դպրոցում իրականացված սպանդի զոհերից երկուսի հուղարկավորությունը: Քաղաքի դպրոցական շրջանի դպրոցները դեռևս փակ են մնում:

Նյութաուն նախօրեին այցելել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը գիշերային հսկման հավաքված սգավորներին ուղղված իր ուղերձում ասել է, որ իրենց վիշտը կիսում է ամբողջ երկիրը, որի առջև տեղի ունեցածից հետո բավականին բարդ խնդիրներ են ծառացել:

«Սենդի Հուք» դպրոցում իրականացված դաժան հարձակման հետևանքով զոհվել է վեցից յոթ տարեկան հասակի 12 աղջիկ և ութ տղա երեխա: Մարդասպանի զոհ գնացած մեծահասակներից բոլորը կանայք էին, որոնց թվում էր դպրոցի տնօրեն Դոն Հոխսպրունգը, որը, ըստ հաղորդագրությունների, փորձել էր կանգնեցնել մարդասպանին, և ուսուցիչ Վիկտորիա Սոտոն, ով իր աշակերտներից մի քանիսի կյանքը կարողացավ փրկել՝ իր մարմնով պաշտպանելով նրանց կրակոցներից:

Նահանգի իշխանությունները նույնականացրել են հարձակումն իրականացրածի անունը: Այն եղել է 20-ամյա Էդամ Լանզան, որը հայտի է եղել որպես զուսպ և հասարակությունից խուսափող տաղանդաշատ երիտասարդ: Լանզան իր մոր սպանությունից և տարրական դպրոցում սպանդն իրագործելուց հետո ինքնասպանություն է գործել: Սպասվում է, որ իշխանությունները շուտով կհաղորդեն մարդասպանի և իր մոր դիակների հերձման արդյունքները:

Կոնեկտիկուտի ոստիկանության համաձայն, հետաքննությունը դեռևս կտևի առնվազն մի քանի շաբաթ: Ոստիկանությունը խոստացել է չբացահայտել սպանդի իրականցման դրդապատճառներն այնքան ժամանակ, մինչև «հայտնի չդառնա ամբողջական պատկերը»:

Նյութաունում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հեռագրում մասնավորապես ասված է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Քոնեքթիքութ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սարսափելի մարդասպանության լուրը խորապես ցնցեց բոլորիս: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը երկու տասնյակից ավելի անմեղ մարդու կյանք խլեց, այդ թվում նաև 20 մանուկների` նրանց հարազատների, բարեկամների և ականատեսների կյանքում թողնելով հոգու անբուժելի վերք:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և բոլոր զոհվածների հարազատներին:

Մաղթում եմ վիրավորվածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Միացյալ Նահանգների ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն»
XS
SM
MD
LG