Մատչելի հղումներ

Քլինթընի շրջագայությունը հետաձգվել է ստամոքսի վիրուսի պատճառով


Մարոկկո կայանալիք ակցի ընթացքում Քլինսընը հանդիպում կանցկացնի «Սիրիայի բարեկամներ»-ի հետ

Ստամոքսի վիրուսը ստիպել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընին մեկ օրով հետաձգել Մերձավոր Արևելք կտարարելիք այցը, որը մեծ նշանակություն կունենա Սիրիայի ընդդիմության համար:

Ըստ ժամանակացույցի, արտգործնախարար Քլինթընը երկուշաբթի օրը պետք է ժամաներ Մարոկկո՝ «Սիրիայի բարեկամներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը սակայն կիրակի ուշ երեկոյան հայտնել է, թե վարակի պատճառով Քլինթընը մինչև երեքշաբթի օրը չի մեկնելու Մարոկկո:

Սպասվում է, որ Քլինթընի և «Սիրիայի բարեկամներ»-ի միջև հանդիպման ընթացքում կքննարկվեն Սիրիայում արդեն 20 ամիս չդադարող ճգնաժամն ու այս երկրի ընդդիմությանը սատարելու միջոցները:

Մարոկկոյում հանդիպումից հետո ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը կայցելի Թունիս և Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարն ուրբաթ օրն այցելել էր Հյուսիսային Իռլանդիա` մայրաքաղաք Բելֆաստում բողոքական և կաթոլիկ համայնքների միջև նկատվող բարձր լարվածության ընթացքում: Պետական մարմինների շենքերի վրա Մեծ Բրիտանիայի դրոշը մեկ ամբողջ տարի չբարձրացնելու մասին քաղաքի օրենսդիրների կողմից այս շաբաթվա սկզբին ընդունված վիճահարույց որոշումը բռնություններ էր հրահրել քաղաքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարը հինգշաբթի օրը Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում էր, որտեղ հանդիպումներ է անցկացրել մարդու իրավունքների ոլորտում գործող ակտիվիստների հետ: Արտգործնախարարը խիստ քննադատության է ենթարկել մի շարք արևելաեվրոպական և կենտրոնասիական պետությունների՝ նշելով, որ այդ երկրները հետ են կանգնել ժողովրդավարական բարեփոխումների անցկացումից:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը զգուշացրել է, որ Ռուսաստանը փորձում է «վերախորհրդականացնել» Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ «Եվրասիական Միություն» անվանումը կրող դաշինքի ստեղծման միջոցով: Նրա համաձայն, նման նախագծերի հիմնական նպատակն է վերականգնել խորհրդային ժամանակաշրջանի ընթացքում տարածաշրջանի նկատմամբ ունեցած վերահսկողությունը՝ հավելելով, որ Վաշինգտոնն «աշխատում է նման գործընթացները դանդաղեցնելու կամ կանխելու ուղղությամբ»:
XS
SM
MD
LG