Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը դուրս է գրվել հիվանդանոցից


Հիվանդանոցում գտնվելու ժամանակ արտգործնախարարը մշտապես ակտիվ հեռախոսակապ է պահպանել իր աշխատողների հետ

ԱՄՆ-ի արտգործնախարարը դուրս է գրվել Նյու Յորքի հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր՝ ուշագնացությունից հետո վայր ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցումից առաջացած տրոմբ հայտնաբերելու պատճառով:

Հիլարի Քլինթընը երեք օր անցկացրել է Նյու Յորքի պրեսբիտերական հիվանդանոցում, որտեղ ընդունել է արյունը հեղուկացնող դեղամիջոցների սրսկումներ: Բժիշկները հայտնել են, որ տրոմբի հետևանքով կաթված և նյարդային համակարգի այլ բարդություններ չեն առաջացել:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ արտգործնախարարը մշտապես ակտիվ հեռախոսակապ է պահպանել իր վարչության աշխատողների հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդի համաձայն, Քլինթընը բավականին ակտիվ աշխատում էր հիվանդանոցից, հեռախոսազանգեր է արել նաև օտարերկրյա իր գործընկերներին, ներառյալ ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիին և Քաթարի արտգործնախարարին:

Հիվանդության պատճառով Միացյալ Նահանգների արտգործնախարարը ստիպված է եղել հետաձգել ծրագրավորված մի շարք այցելություններ ու ելույթներ, ներառյալ մասնակցությունը Բենգիազի քաղաքում անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի հյուպատոսության ուղղությամբ կատարված հարձակման շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվող լսումներին:

Միացյալ Նահանգների արտգործնախարարությունից հայտնել են, որ Քլինթընն այնուամենայնիվ նախատեսում է ելույթով հանդես գալ Բենգազիում տեղի ունեցած միջադեպի հետաքննություն անցկացնող ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի առջև: Նոր հանդիպման օրը կնշանակվի՝ կախված արտգործնախարարի առողջական վիճակից և նոր կազմի Կոնգրեսի աշխատանքային ժամանակացույցից:
XS
SM
MD
LG