Մատչելի հղումներ

Կահիրեում շարունակվում են բախումները


Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր հրապարակում ցուցարարները շարունակել են նստադուլը

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում չորեքշաբթի օրը շարունակվել են բախումների ոստիկանության և Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մորսիի դեմ իրենց բողոքն արտահայտող ցուցարարների միջև:

Ոստիկանությունը Կահիրեում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում ցուցարարների հետ տեղի ունեցած բախումների ընթացքում արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարներն իրենց հերթին քարեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Բողոքի ակցիաները չեն դադարում նաև Եգիպտոսի մայրաքաղաքի Թահրիր հրապարակում, որտեղ չորեքշաբթի օրը ցուցարարները շարունակել են նստադուլը:

Նախագահի ձեռքերում իշխանության կենտրոնացման դեմ իրենց բողոքն արտահայտող ցուցարարները նախորդ օրվա սկզբին բախվել էին ոստիկանության ուժերի հետ: Բախումների ընթացքում ոստիկանության ուղղությամբ ցուցարարները նետել են դյուրավառ հեղուկով լցված շշեր և քարեր:

Եգիպտոսի նախագահը երկուշաբթի օրը խոստացել էր երկրի Դատական գերագույն խորհրդին, որ կսահմանափակի իրեն տրված լիազորությունները պետության ինքնիշխանության հետ կապված հարցերով: Նախագահը սակայն չէր սահմանել «պետության ինքնիշխանության հետ կապված հարցերը», որոնցում ինքը նախատեսում է բացարձակ իշխանություն պահպանել:

Ընդդիմության կազմակերպությունները պահանջել են, որ Եգիպտոսի նախագահը չեղյալ հայտարարի նոյեմբերի 22-ին իրեն բացարձակ իրավունքներ վերապահելու մասին արձակած հրամանագիրը: Նախագահին ընդդիմադիրները մեղադրում են 2011 թվականին տեղի ունեցած ապստամբության արդյունքում պաշտոնաթող եղած երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ունեցած բռնապետական իշխանության օրինակով իշխանություն ստանալու փորձեր կատարելու մեջ:

Եգիպտոսի ընդդիմությունը, բացի այդ, երկուշաբթի օրը դատական կարգով է բողոքարկել նախագահ Մորսիի հրամանագիրը՝ հայցադիմումներ ներկայացնելով վարչական դատարան, որը նախատեսում է հայցադիմումների քննությունն անցկացնել դեկտեմբերի 4-ին:
XS
SM
MD
LG