Բախումներ Եգիպտոսում՝ հեղափոխության երկրորդ տարեդարձին նվիրված ցույցի ժամանակ
Ընդդիմության առաջնորդ Մոհամեդ ԷլԲարադեյը «Twitter»-ի իր էջում կոչ է արել ցուցարարներին «վերջապես հասնել հեղափոխության նպատակին»
Արմեն Հովհաննիսյան
25.01.2013
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում տեղի են ունեցել բախումներ երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբաքի կառավարմանը վերջ տված ապստամբության երկրորդ տարեդարձի առիթով հավաքված հազարավոր ցուցարարների և ոստիկանության հատուկ ուժերի միջև:
Բախումները սկսվել են ուրբաթ առավոտյան այն բանից հետո, երբ երիտասարդ որոշ ցուցարարներ փորձել են մոտենալ բետոնե պատին, որն անվտանգության ուժերը տեղադրել էին՝ տարածքում գտնվող կառավարական շենքերի անվտանգությունն ապահովելու համար:
Ցուցարարները բոցավառվող նյութեր պարունակող շշեր և քարեր են նետել ոստիկանության ուժերի ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել և կրակի մատնել հրապարակում ցուցարարների կողմից տեղադրված մի քանի վրան:
Եգիպտոսի քաղաքական աշխարհիկ ընդդիմությունն ուրբաթ օրը կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել երկրի նախագահ Մոհամեդ Մորսիի և իսլամիս «Մահմեդական եղբայրության» դեմ: Ընդդիմության առաջնորդ Մոհամեդ ԷլԲարադեյը «Twitter»-ի իր էջում կոչ է արել ցուցարարներին «վերջապես հասնել հեղափոխության նպատակին»:
Եգիպտոսի նախագահ Մորսին հինգշաբթի օրը հորդորել է ժողովրդին պահպանել հանգստություն և խաղաղ նշել հեղափոխության տարեդարձը: «Մահմեդական եղբայրությունն» իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն չի մասնակցի տոնակատարությունների կամ բողոքի ցույցերի, այլ փոխարենը բարեգործական ակցիաներ կկազմակերպի:
Սպասվում է, որ ցույցեր կանցկացվեն նաև Ալեքսանդրիայում և Եգիպտոսի խոշոր այլ քաղաքներում: