Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Դամասկոսում՝ պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունի հետևանքով


Պայթյունի հետևանքով վնասվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող Ռուսաստանի դեսպանության պատուհանները

Սիրիայի ակտիվիստների համաձայն, Դամասկոսի կենտրոնական մասում երկրում իշխող «Բաաս» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ հինգշաբթի օրն իրականացվել է պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, պայթյունի հետևանքով զոհվածների մեծ մասը եղել են խաղաղ բնակիչներ:

Պայթյունի հետևանքով վնասվել են դեպքի վայրի մոտակայքում գտնվող Ռուսաստանի դեսպանության պատուհանները:

Սիրիայի պետական լրատվամիջոցները «ահաբեկչական հարձակում» են անվանել պայթյունը, որն իրականացվել է մայրաքաղաքի խիտ բնակեցված ալ-Մազրաա թաղամասում:

Սիրիայի ընդդիմությունն այս ընթացքում հանդիպումներ է անցկացնում Կահիրեում՝ նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության հետ խաղաղության բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը քննարկելու նպատակով:

Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձաններից մեկում նախօրեին ապստամբներին հաջողվել էր խփել նույն թաղամասի ուղղությամբ դրանից քիչ առաջ հարձակում իրականացրած կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկը: Օդանավի հարձակման հետևանքով, ըստ հաղորդագրության, զոհվել էր առնվազն 20 մարդ:

Ռազմական օդանավը ապստամբների կողմից խփելու մասին հաղորդագրությունն անհնար էր ենթարկել անկախ հաստատման:

Միավորված ազգերի կազմակերպությունն անցյալ շաբաթ տեղեկացրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ապստամբության սկզբից այդ երկրում զոհվել է արդեն 70 հազար մարդ:
XS
SM
MD
LG