Մատչելի հղումներ

Քեսաբի ճգնաժամի և Սիրիայում քրիստոնյաների իրավիճակի շուրջ մամուլի ասուլիս կանցկացվի ԱՄՆ-ի կոնգրեսականների կողմից


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզության գծով հանձնաժողովներին կոչ է արվելու մեկնարկել պաշտոնական հետաքննություն «ալ-Քաիդա»-ի մասնակցությամբ իրականացված հարձակումների մեջ Թուրքիայի ունեցած դերակատարության շուրջ

ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը և նրանց գործընկերներն ԱՄՆ-ի Կապիտոլիումի աստիճաններին կանցկացնեն մամուլի ասուլիսի՝ նվիրված Սիրիայի Քեսաբ քաղաքում հայերի և քրիստոնյա այլ բնակչության ուղղությամբ վերջերս իրականացված հարձակումներին:

ԱՄՆ-ի Կապիտոլիումում ապրիլի 8-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզության գծով հանձնաժողովներին կոչ է արվելու մեկնարկել պաշտոնական հետաքննություն «ալ-Քաիդա»-ի մասնակցությամբ իրականացված հարձակումների մեջ Թուրքիայի ունեցած դերակատարության շուրջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հազարավոր ամերիկահայեր և Միացյալ Նահանգների մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ, այդ թվում՝ Սերժ Թանկյանը, Քիմ Քարդաշյանն ու Շերը, դիմել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, սենատորներին և կոնգրեսականներին՝ հորդորելով վերջիններիս անհապաղ դատապարտել Քեսաբում խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակումները:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն ավելի վաղ դատապարտել էր Քեսաբում իրականացված հարձակումները՝ նշելով, որ «չափազանց անհանգստացած է Սիրիայի Քեսաբ բնակավայրի հայկական համայնքին վտանգի տակ դրած՝ վերջերս տեղի ունեցած բախումներով և բռնություններով, որոնք ստիպել են շատերին փախուստի դիմել»:

Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի փոխնախագահներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալունն ու Մայքլ Գրիմը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Դեյվիդ Վալադաոն անցյալ ամսվա վերջին նամակ էին հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ արտահայտելու համար իրենց լուրջ մտահոգությունն այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն Թուրքիայից Սիրիա մուտք գործող իսլամիստ ապստամբները ներգրավված են Սիրիայի Լաթաքիա շրջանի, մասնավորապես՝ հիմնականում հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի ուղղությամբ իրականացվող հարձակումների իրագործման մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Օբամային հասցեագրված իրենց նամակում, որը հրապարակվել էր կոնգրեսական Փալոունի պաշտոնական կայքէջում, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի առաջնորդները վկայակոչում են ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականում հրապարակված հոդվածը, որտեղ ասված է, որ Սիրիայի ապստամբների կողմից գրավված Լաթաքիայի շրջանի Քեսաբ քաղաքի սիրիահայ բնակիչներին Թուրքիայի ներգրավվածությունը հիշեցրել է իրենց պատմության մութ էջերը՝ Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսականներն իրենց նամակում տեղեկացրել են նախագահ Օբամային, որ այս ողբերգական իրադարձությունների հետ մեկտեղ ստացվում են հաղորդագրություններ հայերին պատկանող տների թալանի և զբաղեցման մասին:

«Հայ համայնքի զանգվածային գաղթի հետ միասին այս իրադարձությունները չափազանց շատ են հիշեցնում Օսմանյան Թուրքիայում գրեթե 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտի քողի ներքո տեղի ունեցած Հայոց ցեղասպանության սկզբի ժամանակները», - գրում են կոնգրեսականները՝ հիշեցնելով, որ 20-րդ դարասկզբին Քեսաբում ապրում էր մոտ 6 հազար հայ, սակայն 1915 թվականի հուլիսին Օսմանյան կայսրության կողմից հայերի իրականացված արտաքսման հետևանքով զոհվել է մոտ 5 հազար մարդ:

«Այժմ, հայերի արտաքսման սկզբից 99 տարի անց, հայերի ևս մեկ վտարումը հանդիսանում է ցեղասպանության փաստի հերքման և Թուրքիայի կողմից իր ցեղասպան ժառանգության հետ դեմ առ դեմ չկանգնելու վառ հիշեցում», - ասում են կոնգրեսականները:

«Քրիստոնյա հայերի համայնքը կրկին արմատախիլ է արվում իր հայրենիքից, և մենք հորդորում ենք Ձեզ անհապաղ դիմել անհրաժեշտ բոլոր քայլերի՝ պաշտպանելու համար Քեսաբի հայ քրիստոնյա համայնքին: Հավատացած ենք նաև, որ եկել է ժամանակը, երբ Ամերիկան պետք է կրկնապատկի իր ջանքերը՝ երաշխավորելու համար Մերձավոր Արևելքում վտանգի տակ գտնվող բոլոր համայնքներին պաշտպանության առավել մեծ աստիճանի տրամադրումը», - եզրափակում է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի առաջնորդների կողմից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակը:
XS
SM
MD
LG