Մատչելի հղումներ

Բրահիմին հանդիպում է անցկացնում Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հատուկ հանձնակատարների հետ


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի և Արաբական պետությունների խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հանդիպումը Մոսկվայում (արխիվային լուսանկար)
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՄԱԿ-ի և Արաբական պետությունների խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմիի հանդիպումը Մոսկվայում (արխիվային լուսանկար)

Սա երեք դիվանագետների միջև վերջին շաբաթներին անցկացված դռնփակ արդեն երրորդ հանդիպումն է

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին Ժնևում հանդիպում է անցկացնում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որը նպատակ է հետապնդում լուծում գտնել Սիրիայում չդադարող ճգնաժամին:

Լախդար Բրահիմին ուրբաթ օրվա սկզբին ժամանել է Եվրոպայում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակ՝ Միացյալ Նահանգների փոխարտգործնախարար Ուիլյամ Բերնսի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպում անցկացնելու նպատակով:

Սա երեք դիվանագետների միջև վերջին շաբաթներին անցկացված դռնփակ արդեն երրորդ հանդիպումն է:

Սիրիայի իշխանությունները հինգշաբթի օրը մեղադրել են Բրահիմիին «աղաղակող կողմնակալության» մեջ այն բանից հետո, երբ դրանից մեկ օր առաջ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարն ասել էր, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պետք է հրաժարական ներկայացնի: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը հինգշաբթի օրն ասել է, թե Միացյալ Նահանգները լիովին սատարում է Բրահիմիի առաքելությունը:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Ֆեյսալ Համուին հինգշաբթի օրը մամուլի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, թե Սիրիան չի մասնակցում Ժնևում կայանալիք հանդիպմանը և չի ակնկալում, որ հանդիպումը որևէ արդյունքների կհանգեցնի:

«Մենք որևէ առնչություն չունենք այս հանդիպման հետ», - ասել է ՄԱԿ-ում Սիրիայի դեսպանը:
XS
SM
MD
LG