Մատչելի հղումներ

Հրթիռի արձակումը Միացյալ Նահանգներին ստիպում է ընդլայնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները


Հրթիռի արձակումը Միացյալ Նահանգներին ստիպում է ընդլայնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Հրթիռի արձակումը Միացյալ Նահանգներին ստիպում է ընդլայնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները

Հյուսիսային Կորեայի հրթիռի արձակումը սրել է Վաշինգտոնի մտահոգությունը՝ Փհենյանի միջուկային ծրագրի և ռազմական ձգտումների շուրջ: Այս շաբաթ Կոնգրեսում քննարկվելու է Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցը:

Մինչ Փհենյանը պարծենում է տեխնոլոգիական առաջընթացով, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսը քննադատում է հրթիռի արձակումը և խոստանում, որ Միացյալ Նահանգները կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրեն և դաշնակից պետություններին պաշտպանելու ինչպես նաև Հյուսիսային Կորեայի սադրանքներին պատասխանելու համար:

Մինչ այդ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթն էր մտահոգություն հայտնել այս կապակցությամբ:

Նա ասել էր,- «Չինաստանի հետ մենք քննարկում ենք այն հարցը, թե միջազգային համայնքի հետ համաձայնեցված, ինչպես կարող է ավելի մեծ ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որպեսզի վերջինս հավատարիմ մնա միջազգային իր պարտավորություններին»։

North Korean leader Kim Jong Un
North Korean leader Kim Jong Un

​Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերի խոսքերով, Կոնգրեսը օրինագիծ է ներկայացնելու, որը կընդլայնի Հյուսիսային Կորեայի միջուկային և բալիստիկ հրթիռների զարգացման պատճառով այս երկրի նկատմամբ գործող պատժամիջոցները:

Բոբ Քորքերը ասում է,- «Նրանք շարունակում են բալիստիկ հրթիռների փորձարկումները: Նրանք շարունակում են պատրաստել այնպիսի տարրեր, որոնք տանում են դեպի միջուկային զենքի պատրաստում: Կարծում եմ Չինաստանն է այն երկիրը, որը կարող է որոշակիորեն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա: Չինաստանը միշտ կենտրոնանում է Հյուսիսային Կորեայի կայունությունը պահպանելու վրա, սակայն կարծում եմ այս պատժամիջոցները դա կփոխեն»:

Հրթիռի արձակման թեմային անմիջապես արձագանքել են նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուները: Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուներ Ջեբ Բուշն ու Դոնալդ Թրամփն էլ կիսել են իրենց տեսանկյունները այս հարցի շուրջ:

Ջեբ Բուշը ասում է, - «ԱՄՆ-ի հաջորդ նախագահը պետք է երկիրը կրկին խաղի մեջ ներգրավի, և եթե մեզ պաշտպանելու համար նախընտրելի կլինի իրականացնել նախազգուշական հարված, ապա մենք հենց այդպես էլ պետք է անենք»:

Դոնալդ Թրամփը ասում է,- «Չինաստանը ասում է, թե իրենք ազդեցություն չունեն Հյուսիսային Կորեայի վրա: Սակայն նրանք հսկայական ազդեցություն ունեն: Ես այդ պատասխանատվությունը Չինաստանի վրա կդնեի, թող նրանք այդ հարցը լուծեն»:

Նախագահի Դեմոկրատական թեկնածու Հիլլարի Քլինթոնն էլ ասել է, թե Միացյալ Նահանգները այնպիսի առաջնորդի կարիք ունի, որը ի վիճակի կլինի առաջին իսկ օրվանից՝ փորձի և դատողության շնորհիվ Հյուսիսային Կորեայի խնդիրը լուծել:

Հյուսիսային Կորեայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցը ընդգրկված է Կոնգրեսի այս շաբաթվա օրակարգում:

XS
SM
MD
LG