Մատչելի հղումներ

Մյանմարը կարող է օրինակ դառնալ բռնակալությունից ժողովրդավարություն անցում կատարելու հարցում


Մյանմարը, որը հայտնի է նաեւ Բիրմա անվանումով, հույս ունի, որ շուտով կհամալրի աշխարհի ժողովրդավարական երկրների շարքը։ Մի քանի տասնմայակ, սկսված 1962 թվականից, երբ իշխանությունը զավթեց երկրի բանակը, երկիրն ապրում էր բռնակալության ներքո։ Մի քանի ամիս առաջ՝ նոյեմբերի 8-ին էր, որ այստեղ անցկացվեցին առաջին ազատ ընտրությունները եւ փետրվարի 1-ին իր աշխատանքները սկսեց նոր խորհրդարանը։ Տոնական տրամադրություն էր ամբողջ երկրով մեկ։ Տոնակատարության ժամանակ միասնաբար պարում ու երգում էին ոչ միայն իշխանության նոր եկած պաշտոնյաները, այլ նաեւ նրանք, ովքեր հրաժեշտ են տալիս պաշտոններին։ Այսպիսով, Մյանմարում ազդարարվում է ռազմական խունտայի ժամանակաշրջանի ավարտը, ռազմական բռնակալություն, որը Նոբելյան մրցանակակիր, ժողովրդավարության խորհրդանիշ Օնգ Սան Սու Չիին 15 տարի պահել էր տնային կալանքի տակ։

Ժողովրդավարության այս առաջին փաստը՝ խորհրդարանի հաստատումը իրականություն դարձավ անցած հինգ տարիների բարեփոխումների արդյունքում։

Ինչպես Մյանմարում Ավստրալիայի նախկին դեսպան Թրեյվոր Ուիլսոնն է ասում, ՝՝սա եզակի, պատմական պահ է մեկուսացված այս պետության համար՛՛։

Նրա խոսքերով, խորհրդարանի գլխավոր նպատակը պիտի լինի երկրի սոցիալ տնտեսական զարգացումը, երկիր, որը ներկայումս գտնվում է էթնիկ տարբեր խմբավորումների միջեւ հակամարտությունների ներքո։

Չնայած Սու Չիի կուսակցությունը վերցրել է խորհրդարանի տեղերի 8Օ տոկոսը, 25 տոկոսն, ըստ սահմանադրության, պատկանում է զինված ուժերին։ Ի դեպ, 199Օ թվականին նույնպես ընդդումությունը հաղթել էր ընտրություններում եւ զինված ուժերն էին, որ հրաժարվեցին իշխանությունը հանձնել հաղթողներին։

Մյանմարում երկրի նախագահին ընտրում է խորհրդարանը, սակայն Սու Չին չունի ընտրվելու իրավունք, քանի որ ըստ այս երկրի սահմանադրության, նախագահ չի կարող ընտրվել որեւէ մեկը, ում զավակներն այլ երկրի քաղաքացիներ են։ Սու Չիի զավակները Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։ Բայց Սու Չին հայտարարել է, թե ինքն ավելի մեծ դիրք է ունենալու, քան նախագահը։

Ներկա նախագահ Թեյն Սայնը կղեկավարի մինչեւ մարտի վերջը կամ ապրիլի սկիզբը, երբ խորհրդարանի երկու պալատներն ընտրեն նոր նախագահ։ Սակայն Զինված ուժերի հրամանատարի ու Սու Չիի միջեւ վերջերս անցկացված երկու հանդիպումները հուշում են, որ Սու Չին փորձում է կասեցնել սահմանադրության այն կետը, որն իրեն թույլ չի տալիս ընտրվել նախագահ։

XS
SM
MD
LG