Մատչելի հղումներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արագ է արձագանքելու հիվանդությունների վտանգներին


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել է արմատապես փոխել մոտեցումը նոր վտանգների նկատմամբ, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանը: Նրա խոսքով, կազմակերպությանն անհրաժեշտ է գործել ավելի արագ՝ հիվանդությունների մեկուսացման ուղղությամբ:

Ելույթ ունենալով Ժնեւում անցնող Առողջապահության համաշխարհային կազմակերպության հերթական նիստի ընթացքում, Չանը նշել է, որ կազմակերպությունը էական բարեփոխումների է ենթարկվելու: Չանը ընդգծել է, որ ներկայումս կարեւոր խնդիր է հանդիսանում Բրազիլիայում տարածվող Զիկա վիրուսը, որը նյարդաբանական խնդիրներ է առաջացնում նորածինների մոտ:

"Զիկա վիրուսի արագ տարածումը հատկապես անպաշտպան բնակչություն ունեցող աշխարհագրական շրջաններում չափազանց մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով հնարավոր կապը հղիության ժամանակ հիվանդության եւ փոքր գանգով երեխաների ծնունդների միջեւ", - ասել է նա:

Մարգարեթ Չանի խոսքով, հիվանդությունների եւ հատկապես համաճարակների դեմ առավել դժվար է պայքարել նոր զարգացող երկրներում:

"Որոշ երկրներում նկատվող նյարդաբանական ախտանիշների աճը առավել խորացնում է մեր մտահոգությունները", - նշել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի խոսքով, համաճարակների տարածման մեջ հատկապես մեծ դեր են խաղում շրջակա միջավայրի ախտոտվածությունն ու կլիմայի փոփոխությունները: Մասնավորապես, առաջիկա տարիներին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է հատկապես լուրջ պայքար ծավալել խոլերայի եւ արեւադարձային տենդի դեմ:

XS
SM
MD
LG