Մատչելի հղումներ

Ձնաբքի պատճառով ԱՄՆ-ի պետական հաստատությունները մնում են փակ


Անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ի արեւելյան ափերում սկսված ձնաբուքը շարունակվում է երկրի դեռեւս լայնածավալ տարածքներում: Ճապոնական Գոդզիլլա հեքիաթային հրեշի անվան վերջավորությունը վերցրած ու ձյուն բառի հետ միասին անվանում ստացած այս փոթորիկը` Սնոուզիլլան գրեթե ռեկորդային հաստության ձյան շերտ ապահովեց ամբողջ արեւելյան նահանգներում, այդ թվում Նյու Յորքում ու մայրաքաղաք Վաշինգտոնում: Ձնաբքի պայմաններում հայտնվեց ԱՄՆ-ի 85 միլիոն ազգաբնակչություն: Փոթորկի ու քամիների արդյունքում 25 մարդ զոհվեց անցած մի քանի օրերի ընթացքում:

Ինչպես օդերեւութաբանության մասնագետներն են ասում, ձնաբուքը որոշ հատվածներում հասել է աննախադեպ ծավալների: Իսկ ափամերձ որոշ հատվածներում ծովամրրիկների ուժգնությամբ փչող քամիների արդյունքում ձյան շերտը հասել է մինչեւ 1ՕՕ սանտիմետրի:

Սակայն, ինչպես ասում են, կյանքը շարունակվում է: Կիրակի օրը նշված հատվածներում ջինջ ու կապույտ երկինք էր: Սակայն դրսում թողնված ավտոմեքենաները շարունակում են մնալ ձյան հաստ շերտի տակ: Գլխավոր փողոցներն ու մայրուղիները լիովին մաքրված են: Մաքրման աշխատանքներն այստեղ սկսվում են ձյունը տեղալուն պես, քանի որ մաքրող ավտոմեքենաներն ու բեռնատարները պատրաստ սպասում են ճանապարհներին:

ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը, որը փակվեց ուրբաթ կեսօրից, շարունակում էr փակ մնալ նաեւ երկուշաբթի օրը: Փակ են նաեւ դպրոցները, տեղական պետական հաստատությունները, օդանավակայանները: Չեն գործում միջքաղաքային ու միջնահանգային գնացքները:

XS
SM
MD
LG