Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ձյան փոթորկի է սպասում


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը նախապատրաստվում է հսկայական ձյան փոթորկին, որի առաջին շունչն արդեն իսկ իրեն զգացնել է տալիս: Փոթորկի ընթացքում սպասվում են են մինչեւ կես մետր բարձրության ձյան տեղումներ:

Մայրաքաղաքում տեղակայված Միացյալ Նահանգների բոլոր պետական մարմինները կարող են մեկ օրով դադարեցնել աշխատանքը, անցնելով արտակարգ ռեժիմի: Եղանակի տեսության ծառայությունների հաղորդմամբ, փոթորիկը, որը տեղալու է ամբողջ ԱՄՆ-ի արեւելյան ափին, ավարտվելու է միայն կիրակի առավոտյան: Փոթորկի պատճառով ձյունածածկ եւ սառցածածկ փողոցներում արդեն իսկ ավտովթարներ եւ խցանումներ էին սկսել առաջանալ, եւ դա այն պայմաններում, որ դեռեւս տեղացել է ուրբաթ երեկոյան սպասվածից տասն անգամ պակաս ձյուն:

«Ղեկի առջեւ նստելուն պես, ես գիտակցեցի, որ դա վատ գաղափար էր», - պատմում է հարեւան Վիրջինիայում բնակվող Ալիս Բեռնեյը:

Արդեն հինգշաբթի սկսած ձյունը դարձավ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի օդանավի ուշացման պատճառ: Ավելին, նախագահի շարասյունը Վաշինգտոնի փողոցներում խցանման մեջ էր հայտնվել:

Անհանգստացած քաղաքացիներն արդեն իսկ սկսել են նախապատրաստվել փոթորկին. սուպերմարկետներում հերթեր են գոյացել, իսկ սննդամթերքը գնում են ավելի արագ, քան այն հասցնում են շարել դարակներին

«Գնում ենք հասարակ բաներ՝ հաց, կարագ, կաթ ու պանիր», - պատմում է հարեւան Նյու Ջերզիի բնակիչ Էնթոնի Էռռիչեթոն:

Սննդամթերքից զատ գնում են նաեւ հակասառցային աղեր, բահեր եւ ձյուն մաքրելու այլ սարքեր: Հատկապես աշխատավոր մարդիկ իրենց անհրաժեշտ ապրանքները պատվիրել են ինտերնետով: Ջոն Գասովսկին նրանցից մեկն է.

«Հույս ունեմ պատրաստություններս ապարդյուն չէին ու ահագին ձյուն է գալու»:

Քաղաքային ծառայությունները նույնպես հայտարարել են, թե պատրաստ են ձյանը եւ դրա հետեւանքներին:

Բնակիչներից շատերը սակայն մտադիր են ձյան փոթորիկն անցկացնել տանը, ընտանիքի հետ՝ սառույցներից եւ վտանգներից հեռու:

XS
SM
MD
LG