Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախընտրական պայքարը կենտրոնանում է անվտանգության հարցերի վրա


Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական պայքարը վերջին օրերին կենտրոնացել է անվտանգության եւ հայրենիքի պաշտպանության վրա:

«Իմ վարկանիշն աճել է, որովհետեւ մարդկանց աչքերում ես լավագույն պահապանն եմ: Ես պատրաստ եմ ատամներով պաշտպանել ձեր անվտանգությունը», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Դեմոկրատական կուսակցության առաջատար թեկնածու Հիլարի Քլինթոնն իր նախընտրական պայքարում նույնպես կարեւորում է անվտանգության պահպանման համար ավելի կոշտ միջոցների անհրաժեշտությունը.

«Մեր նպատակն է ոչ թե զսպել կամ կանգնեցնել, այլ՝ քանդել եւ ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը»:

Վերլուծաբանների կարծիքով, անվտանգության հարցերի նկատմամբ չափից մեծ ուշադրությունը ձեռնտու է առաջին հերթին Հանրապետական կուսակցության թեկնածուներին.

«Ավանդաբար հանրապետականները եղել են ուժային արտաքին քաղաքականության կողմնակիցները, այնպես որ, ԱՄՆ-ի խոցելիության հարցի ի հայտ գալու դեպքում շահում են հանրապետականները», - ասում է քաղաքական վերլուծաբան Սթյուարտ Ռոթենբերգը:

Բրուքինգս հաստատության փորձագետ Ուիլյամ Գալսթոնի խոսքով, անկախ նրանից, թե որքան կշարունակվի ամերիկացիների ուշադրությունն անվտանգության պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի նկատմամբ, այդ խնդիրներն արդեն իսկ կարող են վերադասավորել ուժերի հարաբերակցությունը 2016-ի նախագահական ընտրություններից առաջ:

XS
SM
MD
LG