Մատչելի հղումներ

Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները շարունակում են խորանալ


Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությունը կարող է որակական նոր փուլ տեղափոխվել: Երեւանում կայանալիք Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ տնտեսական գործընկերության զարգացման մի ամբողջ փաթեթ՝ ամերիկյան կողմի օգնությամբ Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարձրացումից մինչեւ Հայաստանն այլընտրանքային վերականգնվող էներգիայի աղբյուրներով ապահովման ծրագիրը, գյուղատնտեսության ոլորտում բրուցելոզի դեմ պայքարից մինչեւ արդարադատության ոլորտում համագործակցության պայմանագրի ստորագրում:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հրաչյա Թաշչյանի խոսքով, հանձնաժողովի օրակարգը, ինչպես նաեւ հայ-ամերիկյան առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրով նախատեսված խորհրդի այս շաբաթ կայացած անդրանիկ նիստը կողմերի միջեւ տնտեսական հարաբերությունների լուրջ վերելքի մասին են վկայում.

«Սա առհասարակ նաեւ վկայությունն է հայ-ամերիկյան հարաբերությունների վերընթաց զարգացման: Որակական նոր քայլ է կատարվել եւ կողմերը լիահույս են, որ կարող են օգտագործել հնարավորությունները հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով»:

Կողմերը քննարկելու են Հայաստանի կողմից ընդունված բաց երկնքի քաղաքականության շրջանակներում ամերիկյան ընկերությունների մուտքը հայկական շուկա: Հայաստանը նաեւ միացել է հանքաարդյունաբերության ոլորտում թափանցիկության ապահովման նախաձեռնությանը, ինչը կարող է պարզեցնել ամերիկյան ներդրողների մուտքը հայկական շուկա:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրին, դեսպանորդն ընդգծեց, որ այն կարող է արտակարգ դեր խաղալ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններում.

«Սա անկասկած կարելի է որակել որպես որակական առաջընթաց երկկողմ տնտեսական համագործակցության բնագավառում»:

Հրաչյա Թաշչյանի խոսքով, նորաստեղծ խորհուրդը կոչված է սահմանել ոլորտներ, որտեղ կողմերը կարող են խորացնել փոխադարձ առեւտուրը եւ որտեղ կարող են բարենպաստ պայմանների դեպքում ուղղվել ամերիկյան ներդրումները:

Վերլուծաբանների խոսքով, կնքված պայմանագրի կարեւորագույն նշանակությունն այն է, որ այն հայկական ապրանքներին ուղիղ մուտք է բացում ամերիկյան շուկա, իսկ ամերիկյան ներդրումներին` հեշտացնում մուտքը Հայաստան, ինչը կարող է լրջորեն խթանել հայկական տնտեսությունը:

XS
SM
MD
LG