Մատչելի հղումներ

Ռոբոտների ցուցահանդես ԱՄՆ-ի Կոնգրեսում


Վաշինգտոնում բացվել է ռոբոտների ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ուսանողներին հնարավորություն է տրվում երկրի մայրաքաղաքի հենց կենտրոնում, Կոնգրեսի ներսում ցուցադրել իրենց կողմից ստեղծված նորարարությունները:

Դրանցից մեկն է փակ տարածքները քարտեզավորող այս ռոբոտը:

«Այն հիշում է ոչ միայն տարածքը, այլեւ, գետնից բարձր գտնվող իրերը եւ ստեղծում շրջակա միջավայրի ամբողջական պատկերը», - ասում է ռոբոտի հեղինակ Ջոնաս Քլիվլենդը:

Մեկ այլ ռոբոտ ստեղծվել է հատուկ աուտիզմով եւ ուշադրության դեֆիցիտով տառապող երեխաների համար: Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցչի խոսքով, ռոբոտն օգնում է խնդիրներ ունեցող երեխաներին անհրաժեշտ սոցիալական հմտություններ ձեւավորել: Մեկ այլ ռոբոտ, որն իրենից սավառնակ է ներկայացնում, կոչված է մարդկանց կյանքեր փրկել:

«Այս սավառնակը թռչում-գտնում է թաքնված պայթուցիկներ եւ ոչնչացնում դրանք», - պատմում է ռոբոտը ստեղծած HKROBOTICS ընկերության ներկայացուցիչ Վարրեն Ուիլյամսը:

Ցուցահանդեսի այցելուների խոսքով, որոնց թվում էին ՆԱՍԱ-ի ներկայացուցիչներն ու ամերիկյան օրենսդիրները, ուսանողների ստեղծագործական ներուժը մեծ պահանջարկ է վայելում խոշոր ընկերություններում եւ ականավոր ուսանողներին փայլուն ապագա է սպասում:

«Այս երեխաները ոչ միայն նոր տեխնոլոգիայի տեսակներ են մշակում, այլ նաեւ բարելավում են մեր կյանքի որակը», - ասում է կոնգրեսական Դենա Ռորաբահերը:

Կոնգրեսական Դենա Ռորաբահերի խոսքով, երկրի հարստությունը կրկնապատկվում է ոչ թե ծանր աշխատանքի, այլ նոր տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք կարող են մեկ ակնթարթում կրկնապատկել ներդրված ջանքերը:

XS
SM
MD
LG