Մատչելի հղումներ

Մյանմարի ընդդիմությունը մեծ հաջողություն է գրանցել խորհրդարանի ու տեղական ընտրություններում


Մյանմարի ընդդիմության առաջնորդ Օն Սան Սու Չիի քաղաքական կուսակցությունը կիրակի օրն անցկացված ընտրությունների նախնական տվյալներով, արդեն մի քանի աթոռ է վերցրել օրենսդիր մարմնում։ Ըստ կանխատեսումների, այս կուսակցությունը տարել է ջախջախիչ հաղթանակ։

Երկրի գլխավոր քաղաքում՝ Յանգոնում Ժողովրդվարության ազգային լիգան, ըստ երկուշաբթի օրվա պաշտոնական տվյալների, վերցրել է ստորին պալատի աթոռներից 12-ը։ Կուսակցության խոսնակ Ուին Հթեինը լրագրողներին ասել է, թե կուսակցությունը երկրի տարածքով մեկ ոչ պաշտոնական տվյալների համաձայն, ստացել է ձայների 7Օ տոկոսը։

Մյանմարում ընտրելու իրավունք ունեցող 32 միլիոն քաղաքացի էր գրանցվել Ազգային ժողովի ու տեղական մարմինների ընտրություններին մասնակցելու համար։ Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է 8Օ տոկոս։ Ասենք, որ ընտրություններին չեն մասնակցել Ռոհինգիայի մահմեդականները, որոնք կառավարության կողմից արդեն երկար տարիներ զրկվել են մի շարք իրավունքներից։

Ժողովրդվարության ազգային լիգայի լիակատար հաղթանակի դեպքում անգամ Օն Սան Սի Չին չի կարող ընտրվել երկրի նախագահ, քանի որ նրա հանգուցյալ ամուսինն ու երկու տղաները կրում են բրիտանական քաղաքացիություն։ Մյանմարի սահմանադրությունը թույլ չի տալիս օտար երկրում ծնված անձանց ամուսիններին, կանանց կամ ծնողներին իրենց թեկնածությունը դնել նախագահական ընտրություններում։ Սակայն նա հայտարարել է, որ իր կուսակցության հաղթանակի դեպքում ,կառավարական իր դիրքն ինքը կընդունի ավելի բարձր, քան նախագահինը։

Հիշեցնենք, որ Օնգ Սան Սի Չիի կուսակցությունը հաղթանակ էր տարել նաեւ 199Օ թվականի ընտրություններում, սակայն ռազմական խունտան չեղյալ էր հայտարարել ընտրությունների արդյունքը։

XS
SM
MD
LG