Մատչելի հղումներ

Իսրայելը ԱՄՆ-ից նոր ռազմական օգնություն է խնդրում


Միացյալ Նահանգները մնում է Իսրայելի հիմնական ռազմավարական գործընկերը եւ ամենասերտ բարեկամը, իսկ ԱՄՆ-ի համար Իսրայելի անվտանգությունը կարեւորագույն խնդիրներից մեկն է, այս մասին է հայտարարվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջեւ Վաշինգտոնում անցկացված հանդիպման ընթացքում: Հանդիպման օրակարգի հիմնական հարցերը երեքն էին՝ Մերձավոր Արեւելքում լարված իրավիճակի պայմաններում ահաբեկչության դեմ պայքարը, պաղեստինա-իսրայելյան հարաբերությունների կարգավորումը, Իսրայելի անվտանգության ապահովումը եւ Իրանում խաղաղ միջուկային ծրագրի զարգացումը:

«Սիրիայում շարունակվող քաոսային իրավիճակի պայմաններում, մենք քննարկելու են այնտեղի իրադարձությունները, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» խմբավորմանը, Հեզբոլլային եւ տարածաշրջանում գործող այլ ահաբեկիչների կողմից իրականացվող գործունեության դեմն առնելու միջոցները», - հայտնել է նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգները նախատեսում է համոզել Իսրայելի գործընկերներին շարունակել պաղեստինյան կողմի հետ բանակցությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարից ակնկալում են լսել պաղեստինյան իշխանությունների հետ հարաբերությունների բարելավման պատրաստակամության մասին:

Իսրայելյան կողմն ունի հանդիպման իր օրակարգը: Բենյամին Նեթանյահուն փորձելու է համոզել նախագահ Օբամային Իսրայելին հատկացվող ամերիկյան ռազմական օգնության ծավալների ավելացման անհրաժեշտության մեջ: Մասնավորապես, մոտ շաբաթներին Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո իրանական կողմը ստանալու է մուտք դեպի խոշոր միջոցներ եւ կարող է զգալիորեն ավելացնել իր ռազմական ներուժը: Այդ կապակցությամբ Իսրայելի վարչապետը նախատեսում է Միացյալ Նահանգներից խնդրել 2017 թվականից Իսրայելին հատկացնել ոչ թե ներկա 3, այլ 5 միլիարդ դոլարի տարեկան ռազմական օգնություն:

Տարվա սկզբում Օբամայի եւ Նեթանյահուի հարաբերությունները վատթարացել էին այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետը Կոնգրեսի հանրապետական մեծամասնության հրավերով այցելեց Վաշինգտոն, որտեղ կոչ արեց չընդունել Իրանի հետ գործարքը։ Հիշեցնենք սակայն, որ գործարքն ընդունվեց, իսկ նախագահ Օբաման հայտնի է որպես բարեհոգի մարդ:

XS
SM
MD
LG