Մատչելի հղումներ

Ռուսական ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետեւանքով


Եգիպտոսում կործանված ռուսական քաղաքացիական ինքնաթիռն ամենայն հավանականությամբ ոչնչացվել է ահաբեկչության արդյունքում, հայտնում են մասնագետները: ՝՝France 2՛՛ հեռուստաալիքի հաղորդմամբ, հետաքննիչները հայտնել են, որ սեւ արկղի գաղտնազերծման արդյունքում օդանավում պարզ լսվում է պայթյունի ձայնը:

Ահաբեկչության հնարավորության մասին ավելի վաղ խոսել էին Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ, իսկ Սպիտակ տունը հայտարարել էր, որ մի շարք երկրներում ուժեղացնում է ԱՄՆ ուղեւորվող օդանավերի անվտանգությունը: Նախագահ Օբաման տեղի ռադիոկայաններից մեկինտված հարցազրույցում նույնպես չի բացառում ահաբեկչության վարկածը.

«Կարծում եմ, հավանականություն կա, որ այնտեղ ռումբ էր, եւ մենք դա շատ լուրջ ենք ընդունում»:

Եվրոպական բազմաթիվ երկրներ Եգիպտոսից արագ կարգով դուրս են բերում իրենց քաղաքացիներին: Անվտանգության մասնագետների խոսքով, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որն իր վրա է վերցրել ինքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը, կարող է փորձել կրկներ ահաբեկչությունը.

«Եթե «Իսլամական պետություն» խմբավորումը կարողացավ անել դա այդ օդանավակայանում, ապա քանի՞ այլ օդանավակայաններ է նրանց հաջողվել մուտք գործել, քանիսո՞ւմ են նրանք գործում հենց այս պահին», - ասում է ԱՄՆ-ի Տրանսպորտային անվտանգության գործակալության նախկին պետ Ջոն Փիսթոլը։

Չնայած Շարմ էլ Շեյխի օդանավակայանում ողբերգությունից հետո սկսված անվտանգության խիստ միջոցներին, Ռուսաստանն ինքը նույնպես որոշել է ժամանակավորապեսդադարեցնել ավիաչվերթները դեպի Եգիպտոս, եւ ներկայումս Եգիպտոսում գտնվող ավելի քան 70,000 ռուսաստանցի զբոսաշրջիկներին հետ է վերադարձնում:

«Կարծում եմ, խելամիտ կլինի դադարեցնել ռուսական բոլոր չվերթները, մինչ տեղի ունեցածի իրական պատճառների բացահայտումը», - հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:

Մինչ Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ մասնագետների վերջնական կարծիքը դեռ չի ձեւավորվել, Հարավային Սուդանում ավելանում է կործանված ԱՆ-12 օդանավի զոհերի թիվը, հասնելով 41-ի: Ողջ է մնացել միայն մեկ երեխա: Մասնագետների կարծիքով, վթարի հավանական պատճառը ծանրաբեռնվածությունն է: Հիշեցնենք, ՀՀ 5 քաղաքացի զոհվել են վթարի հետեւանքով:

XS
SM
MD
LG