Մատչելի հղումներ

Քննարկումներ ԱՄՆ-ի նախկին նախագահ ավագ Ջորջ Բուշի ինքնակենսագրական գրքի շուրջ


Քննարկումներ ԱՄՆ-ի նախկին նախագահ ավագ Ջորջ Բուշի ինքնակենսագրական գրքի շուրջ
Քննարկումներ ԱՄՆ-ի նախկին նախագահ ավագ Ջորջ Բուշի ինքնակենսագրական գրքի շուրջ

Շուտով կհրատարակվի ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Հերբերթ Ուոլքեր Բուշի ինքնակենսագրական գիրքը: Այս հանգամանքը հանրության և վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է, քանի որ նախկին նախագահի որդիներից Ջեբ Բուշը 2016 թվականին կայանալիք նախագահի ընտրությունների թեկնածուներից մեկն է:

Մի քանի օրից հրատարակվելու է ԱՄՆ-ի քառասունմեկերորդ նախագահ Ջորջ Հերբերթ Ուոլքեր Բուշի ինքնակենսագրական գիրքը: Գրքում նախկին նախագահը բազմաթիվ մեղադրանքներ է ուղղում իր որդու՝ Ջորջ Բուշի նախագահության տարիներին գործող փոխնախագահ Դիք Չեյնիի և պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի հասցեին:

Երկար տարիներ եղել է այն կարծիքը, որ ավագ Բուշը հավանություն չի տվել Իրաք ներխուժելու շուրջ իր որդու որոշումներին: Սակայն այն հարցին, թե ինչու՞ է նա այսքան երկար սպասել խոսելուց առաջ, պատասխանում է վերլուծաբան Քլաուս Լարրեսը:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի վերլուծաբան Քլաուս Լարրեսը ասում է,- «Նա անհանգստացած է Իրաքում և Մերձավոր Արևելքում ներկայումս տիրող իրավիճակի համար: Ավագ Բուշը փորձում է պարզաբանել, որ 2003 թվականին Իրաք ներխուժելու պատասխանատվությունը միայն իր որդունը չէ»:

Լարրեսի խոսքերով, Չեյնիին և Ռամսֆելդին մեղադրելը արդարացի չէ, քանի որ նախագահն է պատասխանատու իր իսկ որոշումների համար:

Սակայն մինչ այժմ ո՛չ Դիք Չեյնին, ո՛չ էլ Ռամսֆելդը չեն ընդունել Իրաքի հետ պատերազմի իրենց սխալները: Չեյնին նույնիսկ մեղադրել է ներկայիս կառավարությանը, Իրանի հետ միջուկային հարցերով գործարք կնքելու մեջ:

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Դիք Չեյնին ասում է,-«Նախագահ Օբաման պնդում է, որ դա պատերազմից խուսափելու միակ միջոցն է: Սակայն դա պարզապես խելագարություն է»:

Ավագ Բուշի «Ճակատագիր և Ուժ. Ամերիկյան էպոս Ջորջ Հերբերթ Ուոլքեր Բուշի մասին» վերնագրով ինքնակենսագրական գիրքը, կհրատարակվի, երբ նրա երկրորդ որդին՝ Ջեբ Բուշը ջանում է բարձրացնել 2016 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու դառնալու ընտրապայքարում հաղթելու իր հնարավորությունը:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի վերլուծաբան Քլաուս Լարրեսը ասում է,- «2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաք ներխուժելու վերաբերյալ իրեն ուղղված հարցերին Ջեբ Բուշը մինչ այժմ վերացականորեն է պատասխանել: Նա ոչ համաձայնել է եղբոր կայացրած որոշման հետ, ոչ էլ այն քննադատել: Այժմ նրա հայրը, անուղղակիորեն Չեյնիին և Ռամսֆելդին է քննադատում ընդունված որոշումների համար: Դա Ջեբ Բուշի վրա բացասաբար է անդրադառնում, քանի որ նա դեռևս հստակ կողմնորոշում չունի»:

Լարրեսի խոսքերով, մոտակա օրերին Ջեբ Բուշը հավանաբար ստիպված կլինի ընդունել, որ Իրաքի դեմ պատերազմը եղել է սխալ որոշում: Այդ դեպքում նա ամենայն հավանականությամբ կժխտի իր եղբոր պատասխանատվությունը այդ որոշման մեջ:

XS
SM
MD
LG