Մատչելի հղումներ

Ռուսական օդանավի կործանումը Վաշինգտոնում ու Լոնդոնում «հավանական ահաբեկչություն» են համարում


Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի մի շարք պաշտոնյաներ հայտարարում են, որ 224 մարդու կյանք խլած ռուսաստանյան ինքնաթիռը «մեծ հավանականությամբ» կործանվել է ինքնաթիռի սրահում պայթեցված ռումբի պատճառով: Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ հաշվի առնելով վտանգի աստիճանը, բրիտանացի զբոսաշրջիկները Եգիպտոսից դուրս են բերվելու.

«Նրանք կարող են համոզված լինել, որ մենք թույլ չենք տա Միացյալ Թագավորության որեւէ օդանավի օդ բարձրանալ, մինչեւ միանշանակ համոզված չլինենք, որ դրանց վտանգ չի սպառնում»:

Արեւմտյան փորձագետների հետ համաձայն չեն Ռուսաստանի Դաշնության եւ Եգիպտոսի պաշտոնյաները, որոնց կարծիքով օդանավի՝ ահաբեկչության պատճառով կործանման որեւէ հավաստի փաստ դեռեւս չկա: Լոնդոնում գտնվող Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին հերքել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ավելի վաղ արված հայտարարությունները ռուսաստանյան օդանավը ոչնչացնելու մասին՝ անվանելով դրանք Եգիպտոսի դեմ ուղղված քարոզչություն:

Սպիտակ տանը հայտնել են, որ դեռեւս վերջնական կարծիք կազմելու համար բավարար փաստերի չեն տիրապետում, սակայն ահաբեկչության հնարավորությունը չեն բացառում.

«Մեր տեղեկությունների հիման, եղած հայտարարությունների հիման վրամենք ոչինչ չենք բացառում, այդ թվում չենք բացառում նաեւ ահաբեկչությունը»:

Մասնագետները դեռ շարունակում են հետաքննությունը, իսկ Ռուսաստանում արդեն սկսվել է ողբերգության անմեղ զոհերի հողարկավորությունը։

XS
SM
MD
LG